2016 թվականի պետական բյուջեի նախագծով առողջապահության ոլորտի ծախսերն ավելացել են: 2016-ին առողջապահական ծախսերի համար կտրամադրվի 86 միլիարդ 125 միլիոն դրամ: Դա 1 միլիոն 807 հազար դրամով ավելի է նախորդ տարվա գումարից: Սա, իհարկե, չի նշանակում, որ առողջապահական ծառայությունների մակարդակը մեր երկրում կլավանա: Ոլորտային ավելացումները հիմնականում պայմանավորված են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմամբ, նվազագույն աշխատավարձի չափի բարձրացմամբ եւ արտարժույթների նկատմամբ դրամի կուրսի անկմամբ: Այդ մասին այսօր խորհրդարանում շարունակվող քննարկումների ժամանակ ասաց ՀՀ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Առողջապահության ոլորտի ընդհանուր գումարից 4 միլիոն 262 հազար դրամ նախատեսված է դեղագործական ապրանքների, 27 միլիոն 705 հազար դրամ` արտահիվանդանոցային ծառայությունների համար: 566 միլիոն դրամ էլ կհատկացվի Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բժշկական օգնության ծառայությունների համար: 61 միլիոն 281 կտրամադրվի սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության համար, իսկ 670 միլիոն դրամ`սրտի վիրահատությունների:
Գալիք տարի նոր ծառայությունների ոլորտ է նախատեսվում`սրտի վիրահատության ծառայություններ, որի համար առանձնացվելու է 3.085.7 մլն դրամ: Այս մասով արդեն 3.505 դեպքի բուժում է ծրագրավորվում: Իսկ զինծառայողների, փրկարար ծառայողների և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայությունների 14.967 դեպքի համար կտրամադրվի 2.201.2 մլն դրամ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ