Տուլայում ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած մարդկանցից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այսօր այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նախարարը տեղեկացրեց, որ փոխնախարարներից մեկը դեռեւս շարունակում է մնալ Տուլայում եւ կոորդինացնել բոլոր աշխատանքները: Առավոտյան նա նախարարի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկին Մոսկվա են տեղափոխելու: Մյուսի վիրահատությունն ավարտվել է երեկ երեկոյան:
Վթարից տուժած հինգ հիվանդ դեռեւս շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցային պայմաններում`Երեւանում: Նրանցից երեքի առողջական վիճակը միջին ծանրության է, երկուսինը`թեթեւ: 12 հիվանդ դեռեւս բուժումը շարունակում են ՌԴ-ում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ