Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւորը մեր աշխատանքն է, ոչ թե բրիտանացի պատգամավորի խավիարասիրությունը

Նոյեմբեր 06,2015 10:45

 Ընդդիմադիր պատգամավորը չի մեղադրում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներին

Ի՞նչ հետեւանքներ կունենա ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում երկու օր առաջ ընդունված բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոթլերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» տխրահռչակ զեկույցը, որքան էլ որ հայկական դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները եւ պատգամավորները փորձեն պատկերավոր նկարագրել բրիտանացի պատգամավորի սերն առ ադրբեջանական խավիարը, մանավանդ, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը շատ հավանական համարեց, որ զեկույցը կընդունվի նաեւ հունվարին կայանալիք ԵԽԽՎ լիագումար նիստում: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն այս թեմայով «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ բրիտանացի պատգամավորի խավիարասիրության մասին նկարագրումները ճշմարտություն են, բայց խնդիրն այն է, որ այժմ իրար ենք խառնվել, մինչդեռ այդ զեկույցի մասին իմացել ենք մեկ տարի առաջ, երբ այն հաստատվում էր. «Այն ժամանակ էլ է եղել պայքար երկու զեկուցողների միջեւ:

Ադրբեջանը կարողացավ անել ամեն ինչ, որ հենց այս զեկուցողն անցնի: Մյուս զեկուցողը, որը ավելի ընդունելի կլիներ բոլորիս համար, վստահ եմ, որ նրա պարագայում նույնիսկ զեկույցի անվանումը փոխելու հնարավորություն կլիներ, չհավաքեց անհրաժեշտ ձայներ»: Ինչեւէ: Թեւան Պողոսյանը փաստում է, որ այս զեկույցը միշտ էլ լինելու եւ ընկալվելու է միակողմանի, կողմնակալ զեկույց: Ըստ նրա՝ այս զեկույցի բովանդակությունն Ադրբեջանին անհրաժեշտ էր իր ապագա քայլերի համար. «Ամեն անգամ հղումներ են անելու, քանի որ ՄԱԿ-ի չորս բանաձեւերն այլեւս չեն աշխատում. հայկական կողմը գտել է դրանց հակադարձումները: Ադրբեջանին հիմա նոր փաստաթուղթ է հարկավոր: Մենք այս ամենը պիտի գիտակցենք` այդ փաստաթուղթը մի կողմից՝ որեւէ հարց չի լուծելու, բայց բանակցային գործընթացի վրա ազդելու է բացառապես բացասական իմաստով: Ռուսական կողմը չի մասնակցում այդ նիստին, բայց ֆրանսիական կողմը մասնակցում էր, եւ հայկական կողմը Մինսկի խմբի առնվազն մեկ համանախագահ երկրի հարց ունի` ո՞ւր էին ձեր պատվիրակները, որ բանակցությունների մոտեցումներին լիակատար հակառակ եւ անհասկանալի տեքստեր են ընդունում:

Այդ փաստաթուղթը միառժամանակ հետո կկորի: Բնականաբար, մենք պետք է փորձենք նոր փաստաթղթեր բերել եւ այլն, բայց այստեղ խնդիրն այն է, թե որտե՞ղ է մեր համակարգված աշխատանքը»: Մեր զրուցակցի կարծիքով՝ նման հարցերում ԱԳՆ-ն, ԱԺ-ն, սփյուռքյան կազմակերպությունները եւ միջազգային կառույցներում մեր բոլոր գործընկերները պիտի համակարգված աշխատեն: Այս պահի գերխնդիրը նա համարում է այն, թե ի՞նչ քայլեր պետք է անել, որպեսզի ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն, ովքեր կասեն, որ չի կարելի նման միակողմանի զեկույցներ ընդունել: Ապա պետք է մտածել նաեւ ապագա քայլերի մասին, քանզի առաջիկայում եւս համանման իրավիճակները չեն բացառվում: «Չմոռանանք, որ նախկինում էլ ունեցել ենք նման իրավիճակներ` Լիսաբոնում եւ այլն»,- ասաց պատգամավորը: Դիտարկմանը, որ համառորեն չենք ցանկանում անցյալից դասեր քաղել, նա հակադարձեց. «Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց եղած դիրքում եւ հնարավորություններում իրենք պետք է նախաձեռնեն այդ համակարգային համագործակցության աշխատանքը»: Նա համաձայն չէ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ, ով երեկ խորհրդարանում այս առիթով անդրադարձի ժամանակ հայտարարեց` իրենք, իբրեւ դիվանագետներ, իրենց աշխատանքն անելու են: «Կներեք, սա ձեր պատգամավորների աշխատանքն էր: Մենք պատրաստ ենք ձեզ օգտակար լինել: Ոչ թե երեք, այլ միգուցե 25 անգամ պետք էր գնալ այդ մարդկանց մոտ եւ խորհրդակցել: Միգուցե նաեւ պետք էր այս արտահերթը կանգնեցնել, եւ այն պատգամավորներին, ովքեր ծանոթներ ունեն, գիտեն, փորձ ունեին, գործուղեին այնտեղ աշխատելու: Եթե պետք է՝ անգամ ամիսներ անցկացնեին եվրոպական երկրներում, որպեսզի մարդիկ գնային ու գիտակցաբար թույլ չտային նման զեկույցի ընդունումը: Մենք էլ, վերջո, պետք է սկսենք համակարգային աշխատել, ինչպես արդեն քանի տարի աշխատում է Ադրբեջանը` ձեւավորելով իր անձնական լոբբիստներին: Կարեւոր չէ՝ գումար կլինի, խավիար, թե նվեր, բայց իրենք պատրաստ են վեր կենալ գնալ ու պաշտպանել ադրբեջանական շահը: Մենք դա չունենք եւ պետք է հասկանանք, թե ի՞նչ արժեքի վրա պետք է աշխատենք, որ միշտ ավելին կարողանանք հակադրել Ադրբեջանին: Մենք թողնում ենք պատվիրակության հինգ հոգու վրա, հետո սկսում ենք նրանց մեղադրել: Այո, ինստիտուցիոնալ կերպով առաջին գծում նրանք են, բայց պատկերացրեք, որ առաջին գծում կանգնած է ամենալավ զինվորը, բայց թիկունք չունի»:

Բացի դրանից, մեր զրուցակցի կարծիքով, Մինսկի խմբի համանախագահները նույնպես պետք է հասկանան, որ նման զեկույցները միայն հարվածելու են իրենց ապագա աշխատանքներին. «Իսկ ի՞նչ, եթե այս զեկույցի պատճառով նախագահների դեկտեմբերյան հանդիպումը տեղի չունենա: Իրենք գիտակցո՞ւմ են, որ իրենց պատգամավորներից մեկը խավիարային, ֆինանսական կամ չգիտեմ ինչ ձեւեր է գտել ու կարողացել է անել մի բան, որը հակադրվում է համանախագահների ամբողջ աշխատանքին: Սա պետք է տեղ հասցնել, որ նույն ԵԽԽՎ ղեկավարությունն էլ հասկանա, որ իրենք խնդիր ունեն՝ թույլ չտալ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին հարվածներ հասցնել, այլապես որեւէ կերպ չեն նպաստելու խաղաղության ամրապնդմանը»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30