Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ նախագահի խոսնակը՝ ԵԽԽՎ հանձնաժողովի զեկույցի մասին. «Երեւում է, որ այն պատրաստված է Բաքվում». «Հրապարակ»

Նոյեմբեր 06,2015 10:34

Նոյեմբերի 4-ին Փարիզում տեղի ունեցած ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստի ժամանակ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» խիստ հակահայ զեկույցի ընդունումը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությանը չի հաջողվել տապալել։

Ուոլթերը պաշտոնական նամակով դիմել էր նաեւ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին՝ Ստեփանակերտ այցելելու թույլտվություն ստանալու համար, բայց մերժում էր ստացել։ ԼՂ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանին հարցրինք՝ հնարավո՞ր է արդյոք, որ փոխգործակցության բացակայությունը նաեւ իր ազդեցությունն ունեցավ նման զեկույցի ընդունման հարցում, մանավանդ, որ փաստաթղթում դատապարտվում է Ղարաբաղի բոյկոտը։

«Նախեւառաջ մենք չենք մերժել համագործակցությունը, հակառակը՝ մենք քաղաքակիրթ եւ քաղաքացիական հասարակությանը վայել ձեւով հայտարարում էինք, որ պատրաստ ենք համագործակցել։ Պարզապես ի

սկզբանե նման վերնագրով փաստաթուղթն արդեն անհեթեթ ու անտրամաբանական էր, եւ երեւում էր, որ պատվեր էր»։

Բաբայանն ասաց, որ առաջարկ է հնչել փոխել վերնագիրը, բայց ապարդյուն։ Մեր հարցին՝ շփումն ու համագործակցությունը չէի՞ն մոտեցնի ցանկալի արդյունքին,- պատասխանեց. «Եթե նրան մենք ընդունեինք, որեւէ բան չէր փոխվի։ Եթե այդ անձը պատվեր է կատարում եւ օկուպացված է համարում Ղարաբաղը, էլ ի՞նչ խոսեինք այդ մարդու հետ։ Խոսեինք, պետք է գրեիք՝ դավաճաններ են, այդպիսի մարդու հետ են գործակցում։ Եվ, վերջապես, դա կդիտվեր մեր պարտությունը եւ զեկույցի հեղինակի կասկածներն ավելի կխորացներ»։

Բաբայանի խոսքով՝ փաստաթուղթն օբյեկտիվ չէ. «Երեւում է, որ այն պատրաստված է Բաքվում: Ցավալի է, որ ադրբեջանական կոռուպցիան, կաշառակերությունը ներթափանցել են եվրոպական կառույց։ ԵԽԽՎ այդ հանձնաժողովը կարծես խավիարաթաթախ է դարձել, նավթաթաթախ. սա է մտահոգիչը։ Թվում է, թե եվրոպական կարեւոր հարթակներից մեկը, որը պետք է լինի անաչառության վերհանման ջատագովներից, դառնում է արեւելյան շուկայի տաղավարներից մեկը, այն ընդօրինակում է Միլի մեջլիսի գործելաոճը»։

Բաբայանի կարծիքով, հայաստանյան պատվիրակները նման պարագայում ոչինչ անել չէին կարող. «Սա կոռուպցիա է, եւ ադրբեջանական կողմը պատվիրել է, որպեսզի համապատասխան պատգամավորները կողմ քվեարկեն»։

ԼՂ նախագահի մամլո խոսնակի գնահատմամբ, այդուհանդերձ, փաստաթուղթը միայն խորհրդատվական է. «Քաղաքական եւ իրավական հետեւանք այն չի կարող ունենալ, համոզված եմ, որ նրա ճակատագիրը կլուծվի փոշու մի հաստ շերտի տակ»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30