Զարմանալի զուգադիպությամբ երեկ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախորդ օրն էլ վերաքննիչ քրեական դատարանը վաշխառուներից տուժածների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի ներկայացրած մի դեպքում հայցը, մի դեպքում նրա բողոքը մերժեցին:
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը դատարան չներկայացած քննիչի դեմ իրավապաշտպանի արած արտահայտության համար նախ զգուշացրեց Մ.Պողոսյանին, ապա հեռացրեց նրան նիստերի դահլիճից:
Նոր Նորքի դատարան, ինչպես եւ վերաքննիչ դատարան չներկայացավ Հովհաննես Երիցյանը՝ քաղավիացիայի վարչության նախկին պետը, որի գործողություններից, ըստ հայցվորի, տուժել էր քաղաքացի Գայանե Թումասյանը:
Նրա մեկ միլիոն դոլար արժողության առանձնատունը վաճառվել է Երիցյանի փեսային՝ Վահե Վարդանյանին, ով ոչ միայն գործարք չի կնքել քաղաքացու հետ, այլ անգամ վաճառքից հետո գումար չի տրամադրել նրան, ինչի հետեւանքով մարդը օտարվել է իր սեփականությունից, հայտնվել փողոցում: Առաջին ատյանի դատարանում քննիչը պետք է գար ու պատասխաներ, թե ինչու է քրեական գործը կարճվել, ինչու քաղաքացին, որի շահերը ներկայացնում էր իրավապաշտպան կազմակերպությունը, չի ճանաչվել տուժող:
Ըստ Գ, Թումասյանի ներկայացուցիչների, իրենց վստահորդը կամարտահայտություն չի հայտնել, տեղյակ չի եղել կատարված գործարքից, քանի որ չի մասնակցել, գույքի արժեքը չի ստացել: Իսկ քննիչի կողմից էլ չի կատարվել որոշակի գործողություններ այդ հարցի պարզաբանման ուղղությամբ: Չստանալով դատավարական կարգավիճակ՝ Գ. Թումասյանը չի վիճարկել իր իրավունքների խախտման մասով քննիչի որոշումները:
Գայանե Թումասյանը, Մարինա Պողոսյանը երեկ «Առավոտին» հայտնեցին, թե կբողոքարկեն այս որոշումը:
Կարդացեք նաև
Մեկ այլ պարտություն էլ կապված էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի հունիսի 30-ին կայացրած որոշման հետ: Նշեմ, որ դատարանը Մարինա Պողոսյանի բողոքը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնի ավագ քննիչ Պարույր Աղաբաբյանի որոշման դեմ, բավարարել էր: Քննիչը կարճել էր ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը, դադարեցրել էր քրեական հետապնդումը: Իսկ դատավոր Բեկթաշյանը պարտավորեցրել էր այս նույն քննիչին վերականգնել Մարինա Պողոսյանի խախտված իրավունքները: Վերաքննիչ քրեական դատարանն էլ իրավունքների խախտում չտեսավ:
Մինչ որոշումը կայացնելը ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնի ավագ քննիչ Պարույր Աղաբաբյանը վերաքննիչ քրեական դատարանում հաստատեց, որ վաշխառուների խնդիրներով զբաղվող «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի եւ քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանի հետ առերեսումը չի ավարտվել, ըստ էության, գործով նոր ապացույցներ ձեռք չեն բերվել: Ի դեպ, դեռ նախորդ դատական նիստում, Մարինա Պողոսյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ինեսսա Պետրոսյանն ասել էր. «Հովհաննես Երիցյանն ինչ ուզել արել է ողջ նախաքննության ընթացքում: Առերես հարցաքննությունը չի էլ փակվել, արձանագրությունը մնացել է անավարտ, Մ. Պողոսյանը բազմիցս նշել է, որ Երիցյանը եկել է հարցաքննության զենքով, զենքը դրել է սեղանին, եւ ըստ էության, ինքն է թելադրել հարցաքննության պայմանները: Եվ վարույթն իրականացնող մարմինը փոխանակ զեկուցագիր գրեր այդ կապակցությամբ, ուղղակի անավարտ է թողել այդ քննչական գործողությունը»:
Մ. Պողոսյանը գտնվել է անհավասար վիճակում, նրա հասցեին նախկին պաշտոնյան արել էր վիրավորական արտահայտություններ:
Ինչ վերաբերում էր Երիցյանի կողմից «միջնորդավորված» ապացույցների ներկայացմանը, այն, որ նա սուտ մատնություն չի արել, այլ հաղորդում է տվել իրավապահներին, քննիչն ասաց, թե Մ. Պողոսյանին Հովհ. Երիցյանի կողմից իքս-բնակարանի հատակագիծ տալը էական նշանակություն չի ունեցել քրեական գործի համար:
Մարինա Պողոսյանն այս կապակցությամբ հանդես եկավ հայտարարությամբ, հայտնելով, որ Հովհաննես Երիցյանը հաղորդում էր տվել, թե Մ.Պողոսյանը ներկայացել է որպես բրոքեր, իրենից ստացել է իքս-բնակարանի հատակագծի բնօրինակը, ապա փորձել է մարդուն սեփականությունից զրկել, մեղադրելով իրեն շորթում կատարելու մեջ:
Ըստ Մ. Պողոսյանի, հենց այս հատակագծի պատմությունն էական նշանակություն ուներ գործի համար, քանի որ քննիչը չի հասկացել, թե ինքը ներկայացել է որպես վաշխառուներից տուժած քաղաքացիների պաշտպան, եւ որ Հովհաննես Երիցյանն է զբաղվել վաշխառությամբ, մարդկանց հանիրավի զրկել է իրենց սեփականությունից: Նա նախագահող դատավոր Գագիկ Ավետիսյանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իրենք որպես հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ են գնացել Հովհաննես Երիցյանի մոտ. «Քննիչ Պարույր Աղաբաբյանը ընտրովի է մոտեցել հարցին: Մենք գնացել ենք մեր մասնագիտական գործունեությունն իրականացնելու»:
Քննիչը չուներ բացատրություն, թե ինչի հիման վրա է Հովհաննես Երիցյանը Մարինա Պողոսյանին անվանել «ղազախական մաֆիայի անդամ»:
Մարինա Պողոսյանը պնդեց, որ Հովհաննես Երիցյանից ինքը վերցրել է հատակագծի պատճենը, գոնե այս փաստը չի կարող միջնորդավորված լինել. «Որովհետեւ նա նշում է մի գործողություն, որը կատարվել է իբր իմ եւ իր մեջ: Այս դեպքում ո՞վ է միջնորդավորված եղել: Քննիչն ուշադրություն չի դարձրել, որ Երիցյանը սուտ է ասել, իբր ես հատակագիծը վերցրել եմ իրենից: Հետագայում, երբ քննիչը գնահատական է տալիս, իբր Երիցյանը միջնորդավորված է ասել, այդ դեպքում պետք է պարզել, քանի որ այս դրվագն ընդհանրապես չի քննվել»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.11..2015