«Որեւէ հետազոտություն կամ վիճակագրական բազա առկա չէ, որը հստակ կներկայացնի աշխատանքային իրավունքի խախտումները Հայաստանում: Սակայն ամենօրյա դիտարկումներից ու բողոքների բովանդակությունից կարելի է եզրակացնել, որ դեռ շարունակվում է առանց աշխատանքի ընդունման պատշաճ ձեւակերպման (պայմանագիր կամ հրաման) աշխատող պահելը: Իսկ աշխատողին ձեւակերպելու դեպքում՝ հարկային պարտավորությունից խուսափելու նպատակով, գործատուն մեկ այլ կեղծիքի է դիմում՝ պայմանագրում ֆիքսում է աշխատավարձի այլ չափ, իրականում վճարում դրանից ավելին»,- հայաստանյան այսպիսի իրավիճակ է նկարագրում «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը:
Մասնագետը կարծում է, որ մեր երկրում համատարած են արտաժամ աշխատանքի, անօրինական ներգրավման եւ դրանց համար չվճարման դեպքերը, ընդ որում՝ դա եւ պետական հատվածում է առկա, եւ մասնավոր:
Աշխատանքային իրավունքի հիմնական խախտումները գրանցվում են առեւտրի, սպասարկման, շինարարության ոլորտներում: Բայց այդ ամենի մասին տեղեկատվությունը լինում է, երբ աշխատանքային հարաբերությունները դադարում են արդեն:
Աշխատողի աշխատանքային իրավունքի խախտումներից խուսափելու համար, մասնագետը հորդորում է. «Միշտ պետք է հիշել, որ առանց պայմանագրի աշխատելը հետագայում կարող է ռիսկեր առաջացնել աշխատողի համար՝ հետագայում ապացուցելու, որ առկա են եղել աշխատանքային հարաբերություններ: Աշխատողը իրավունք ունի ծանոթանալու պայմանագրին, մինչ այն ստորագրելը, եւ օրենքին հակասող դրույթների վերաբերյալ ներկայացնել առարկություններ: Սա, իհարկե, աշխատանք փնտրող եւ հազիվ աշխատանք գտած մարդու համար ռիսկային է, բայց իր իրազեկությունը կարող է հենց սկզբից էլ կանխել իր աշխատանքային այլ իրավունքների հնարավոր խախտումները»:
Իրավախորհրդատուն այդ իրավունքի խախտումների հիմնական պատճառ համարում է անտեղյակությունը, աշխատաշուկայում աշխատուժի ավելցուկը, անտեղի հանդուրժողականությունը գործատուի կամայականությունների նկատմամբ: Որոնք ստեղծում են պարարտ հող՝ գործատուի անօրինական վարքագծի համար:
Այս ոլորտի լուրջ բացթողում նա համարում է պետական վերահսկողության բացակայությունը: Փաստում է, որ վերջին տարիներին այս ոլորտում գրեթե ոչ մի առաջընթաց չի գրանցվել. «Եթե նկատի ունենք աշխատողի իրավունքի պաշտպանության առումով, դեռ մի բան էլ հետընթաց ենք գրանցել՝ աշխատանքի պետական տեսչության լուծարման պատճառով: Գոնե տեսչության առկայությունը կամ նրա ստուգումների միջոցով հսկողական գործառությունը որոշ չափով զսպիչ գործոն էր գործատուի համար, այսօր դա էլ է բացակայում»:
Կարդացեք նաև
ԴԻԱՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.11..2015