Ծերանոցներից մինչեւ զինվորական
զորամասեր հաղորդակից են դասական արվեստին
2014թ. ընթացքում հայաստանյան մարզերում պարբերաբար տեղի ունեցան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամի (տնօրեն՝ Շմավոն Գրիգորյան) բարեգործական համերգները: Բոլորը, հասկանալի պատճառով, հնարավոր չէ թվարկել, սակայն հիշատակման է արժանի Տավուշի մարզի սահմանամերձ 4 զորամասերում կայացած թատրոնի նվագախմբի եւ մեներգիչների համերգ-հանդիպումները: Ընթացիկ տարում «Առավոտը» անդրադարձել է Արցախում, ապա Վայոց ձորի Ջերմուկ քաղաքում եւ Արարատի մարզի Տափերական գյուղում թատրոնի՝ Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի ներկայացումներին:
Վերջերս թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ նվագախումբը դարձյալ համերգներ ունեցավ Տավուշի մարզի սահմանամերձ զորամասերում: Որպես մենակատարներ էլ հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստներ, նվագախմբի գլխավոր կոնցերտմայստեր Գայանե Աբրահամյանը եւ երգիչ Կոնստանտին Սիմոնյանը:
Կարդացեք նաև
Մեզ հետ հանդիպման ժամանակ Կարեն Դուրգարյանն ասաց, թե կայացած համերգները նվիրված էին զոհված ազատամարտիկների հիշատակին եւ ներկա էին նրանց ընտանիքները: Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ զորամասեր այցելելու իրենց գերնպատակն է հայ զինվորի մեջ «ներարկել» ու զարգացնել սերը դեպի դասական արվեստը, վստահեցնելով նրանց, որ մշակույթի գործիչներն էլ են իրենց կողքին: Դիրիժորը հավաստիացրեց, որ թատրոնի արտիստները մեծ ոգեւորությամբ ու պատրաստակամությամբ են վերաբերվում զինվորի ռազմական ոգին բարձր պահելու նման կարեւոր նախաձեռնությանը. «Ի վերջո, մեր զինված ուժերի մարտիկների աչալուրջ ծառայության շնորհիվ է, որ այսօր մշակութային գործիչներս կարողանում ենք ապահով շարունակել մեր գործունեությունը, զարգացնել հայ մշակույթը»:
Թատրոնի գլխավոր դիրիժորը տեղեկացրեց, որ սահմանամերձ զորամասերում իրենց ելույթներին նախորդել է Նորքի տուն-ինտերնատում հերթական բարեգործական համերգը: «Այս անգամ կոմիտասյան հոգեւոր եւ աշխարհիկ գոհարներ մատուցեցինք ինտերնատի բնակիչներին՝ մասնակցությամբ թատրոնի մեներգիչների եւ երգչախմբի (գլխավոր խմբավար՝ Ռադիկ Մելիքյան)»,- հայտնեց Կարեն Դուրգարյանը: Հավելեց նաեւ, թե թատրոնի աջակցման հիմնադրամի այլ նախագծեր, այդ թվում՝ «Օպերային արվեստը՝ կրթօջախներում», «Օպերային արվեստը՝ Արցախում» եւ այլն, ընթացիկ թատերաշրջանում կրկին կշրջեն, հյուրընկալվելով համապատասխան «հասցեատերերին»: Հավելենք, որ բոլոր արտագնա ելույթները կայանում են «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցությամբ:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.11..2015