2015 թվականը ՌԴ Մոսկվայի մարզի Դմիտրով քաղաքի հայերի համար բուռն էր եւ խոստումնալից: Դեռ ապրիլին Դմիտրովի մշակույթի տան հարեւանությամբ գտնվող այգում հավաքվել էին քաղաքի հայերը` հարգանքի տուրք մատուցելու Եղեռնի զոհերի հարյուրամյա հիշատակին: Ներկա են եղել նաեւ մարզպետը եւ քաղաքային իշխանության ներկայացուցիչներ: Դմիտրովի շրջանի ղեկավար Վալերի Գավրիլովն իր ելույթում նշել է. «Հայ ժողովրդի պատմությունը, նրա մեծ վշտի մասին պետք է իմանան բոլորը: Այն նաեւ հիշեցում է, որ բոլոր հարցերը լուծվեն խաղաղ ճանապարհով»: Հանդիսավոր ելույթներից հետո Գավրիլովը այգում հիշատակի ծառ է տնկել: Ընդառաջելով տեղի հայերի խնդրանքին` մարզի ղեկավարը վերոնշյալ այգին հանձնել է հայերի վերահսկողությանը, վստահեցնելով, որ այդ դեպքում այգին իրոք կվերածվի հանգստի եւ ժամանցի վայրի` շնորհիվ հայերի աշխատասիրության ու նվիրվածության:
Եվ իսկապես, նախաձեռնող մի խումբ հայերի ջանքերով եւ ֆինանսական միջոցներով այգում տեղադրվել է խաչքար` նվիրված 1915թ. Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Այդ առթիվ այգում տնկվել է նաեւ 100 ծառ: Խաչքարն օծել եւ օրհնության խոսք է ասել Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:
Հանդիսավոր բացմանը ներկա են եղել Դմիտրովի շրջանի եւ Դմիտրով քաղաքի իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր Հայաստանից: Նախաձեռնող խմբի ղեկավար Էդուարդ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել հայերին` մասնակցության եւ նվիրատվությունների համար:
Կարդացեք նաև
Ազգանվեր այս հայերի խումբը հաճախ է հավաքներ կազմակերպում, քննարկում տեղի հայությանը հուզող խնդիրներ, ֆինանսական եւ նյութական միջոցներով օգնում կարիքավոր հայ ընտանիքներին, խոսում առաջիկա անելիքների մասին: Վերջերս նման հավաքներից մեկի ժամանակ որոշվեց բացել կիրակնօրյա հայկական դպրոց:
Արդեն մոտ 40 տարբեր տարիքի աշակերտներ են ցանկություն հայտնել՝ սովորելու մայրենի լեզուն եւ հայոց պատմությունը: Առաջիկայում նախատեսվում է վերոնշյալ այգում կառուցել հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցի:
Դմիտրովի հայերն իրենց աշխատանքն էլ ավելի արդյունավետ դարձնելու նպատակով առաջիկայում մտադիր են հիմնել հասարակական կազմակերպություն: Այս առաջարկը սիրով ընդունվել է քաղաքապետի կողմից:
Կազմակերպության նպատակն է՝ ստեղծել համապատասխան պայմաններ, որպեսզի Հայաստանից դուրս այս հեռավոր քաղաքում հայ բնակչությունը պահպանի հայոց լեզուն, մշակույթը, ավանդույթները, ազգային միասնությունը:
ԳՈՀԱՐ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.11..2015