Նոյեմբերի 10-ին «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունը նշելու է հիմնադրման 90-ամյակը: «Առավոտը» զրուցել է մարզական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ, փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանի հետ:
– Պարոն Հայրապետյան, կարո՞ղ եք հակիրճ ներկայացնել «Դինամո» ՄՀԿ-ի դերը մարզական մյուս կազմակերպությունների ընտանիքում:
– «Դինամո» մարզական ընկերությունը հիմնադրվել է 1925 թվականին: Անցած ինը տասնամյակների ընթացքում ու այսօր էլ «Դինամոն» իր ուրույն տեղն ունի Հայաստանի Հանրապետության մարզական կյանքում: Մեր մարզիկները միշտ էլ մեծ համբավ ու ճանաչում են վայելել նախկին ԽՍՀՄ-ում եւ նրա սահմաններից դուրս՝ նվաճելով նաեւ օլիմպիական արծաթե, բրոնզե մեդալներ, դառնալով ԽՍՀՄ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ ու մրցանակակիրներ: Մարզական նվաճումների ավանդույթները շարունակվում են նաեւ Անկախ Հայաստանի մարզական պատմությունում:
– Անկախացումից հետո, հավանաբար, դժվար էր պահպանել մարզական ընկերության գոյությունը, առավել եւս՝ շարունակել ավանդույթները:
– ԽՍՀՄ փլուզումից հետո «Դինամո» ընկերությունը տարբեր հանրապետություններում անցավ տարբեր գերատեսչությունների ենթակայության տակ: Հայաստանում այն մնաց ոստիկանության համակարգում ու շարունակեց զարգանալ. հասկանալի պատճառներով՝ սկզբնական շրջանում որոշ դժվարություններով ու որոշակիորեն դանդաղ: Բայց հիմա վիճակը միանգամայն այլ է: «Դինամոն» ակտիվ գործող ու օրեցօր զարգացող մարզական կառույց է: Զարգանալու համար նախ եւ առաջ պետք է պայմաններ ստեղծել: Անկախությունից հետո մեր մարզաբազաներում որոշակի կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ կատարվել էին, բայց վերջին չորս տարիներին բոլոր մասնագիտացված մարզադահլիճներն իրենց օժանդակ կառույցներով հիմնանորոգվել են: Դա հնարավորություն է տվել բացելու նոր սեկցիաներ, իրականացնելու պետական կարեւորություն ունեցող բազմաթիվ ծրագրեր: Այսօր մենք սերտ համագործակցություն ենք հաստատել ոչ միայն Հայաստանում գտնվող, այլեւ միջազգային մարզական, գերատեսչական ու կրթական գերատեսչությունների հետ:
– Մի քանի առաջնային ծրագրեր կթվարկե՞ք:
– Մեզ համար բոլորն էլ առաջնային են: Օրինակ, համակարգի աշխատակիցների ֆիզպատրաստվածությունը: Այսօր մեր ծառայողները մշտապես հաճախում են մարզադահլիճներ: Անչափ կարեւոր ենք համարում պատանիների ու երիտասարդների դաստիարակության խնդիրը, նրանց փողոցային վատ բարքերից հեռու պահելը: Այդ նպատակով աշխատում ենք տարբեր, հատկապես արեւելյան մարտարվեստների ֆեդերացիաների հետ: Քանի որ այնտեղ մարզումները վճարովի են, այդ պատանիներին, ինչպես նաեւ Արցախյան պատերազմում զոհված, վիրավորված ազատամարտիկների, սիրիահայերի երեխաներին մեր ուղեգրերով անվճար հիմունքներով ընդգրկում ենք խմբեր եւ վերահսկողություն իրականացնում: Համագործակցում ենք նաեւ քաղաքապետարանի հետ՝ կազմակերպելով բազմաթիվ սպարտակիադաներ, մարզական միջոցառումներ: Իսկ հանրակրթական դպրոցներում իրականացվող ծրագրերից կառանձնացնեի «Ճանաչիր զենքդ՝ պաշտպանիր հայրենիքդ» ռազմահայրենասիրական ծրագիրը: Այսպես կարելի է երկար թվարկել: Բայց մի բան ուզում եմ անպայման նշել: Վլադիմիր Գասպարյանի հրահանգով մենք հավաքում, ի մի ենք բերում «Դինամո» մարզական հ/կ-ի ամբողջ պատմությունը: Բոլորը պետք է հիշվեն ու ոչինչ չպետք է մոռացվի: Սա կտեսնեք ու կզգաք 90-ամյակի հոբելյանական տոնակատարության ժամանակ: Չակերտներ բացել հիմա չեմ ուզում: Միայն ասեմ, որ այդ օրը բոլոր դինամոյականներին հրավիրում ենք «Դինամո» մարզադահլիճ:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.11..2015