Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում էի՝ Արթո՛ւր, կռվիր «սա իմ կյանքի վերջին մենամարտն է» նշանաբանով»

Նոյեմբեր 06,2015 12:30

Հայաստանի Կիոկուշին կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանը՝ արցախցի մարզիկի մասին

Տեղեկացրել էինք, որ արցախցի մարզիկ Արթուր Առուշանյանը Խաբարովսկում տեղի ոնեցած Կիոկուշին կարատեի աշխարհի առաջնությունում 60 կգ քաշային կարգում դարձել է չեմպիոն՝ իր ճանապարհին հաղթելով չորս մրցակցի՝ այդ թվում մրցաշարի ֆավորիտ համարվող ճապոնացի մարզիկին: Վերջերս հարցազրույց էինք տպագրել նաեւ Հայաստանի Կիոկուշին կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանի հետ: Նա նշել էր, որ դեռեւս այս մարզաձեւում մեծահասակների պայքարում մենք աշխարհի չեմպիոն չենք ունեցել եւ միեւնույն ժամանակ ավելացրել էր, որ ինքը վստահ է՝ գալիք սերունդն անպայման լրացնելու է այդ բացը: Եվ ահա այդ ամենից ընդամենը երկու ամիս անց պարոն Գասպարյանի հույսերը արդարացան, եւ նա մեզ հետ զրույցում չթաքցրեց իր ոգեւորությունը. «Անհավանական հաջողություն է. վերջապես իրականացավ իմ երազանքներից մեկը՝ ունենք աշխարհի չեմպիոն. չեմ կարող բառերով նկարագրել, թե ինչ եմ զգում: Մրցաշարը, որը անցկացվեց ՌԴ փոխվարչապետ Յուրի Տրուտնեւի անմիջական հովանավորությամբ, յուրահատուկ էր, կազմակերպչական առումով աննախադեպ: Մեր մարզաձեւը ներկայացնող համաշխարհային չորս ֆեդերացիաներ միացյալ կազմակերպեցին այս առաջնությունը KWU անվան ներքո՝ Օլիմպիական խաղերին մասնակցելու ակնկալիքով: Ինչպես գիտենք, Օլիմպիական խաղերը տեղի են ունենալու Տոկիոյում, եւ Ճապոնիան իրավունք ունի իր ազգային մարզաձեւերից երկուսը ընդգրկել մրցաշարի ծրագրում: Մասնակցում էր 44 երկրի 249 մարզիկ: Մասնակից պետություններից միայն 5-ն ունեցան ոսկե մեդալակիր՝ այդ թվում եւ մենք»:

Spartak_Gasparyan

Պարոն Գասպարյանը հավելեց նաեւ, որ ասպարեզ էին դուրս եկել բոլոր ուժեղագույնները՝ 60 կգ պայքարում, որտեղ մրցում էին 18 երկրի 19 ներկայացուցիչ. «Ինչ վերաբերում է Արթուրին, նա գերազանցեց մեր բոլոր սպասելիքները՝ դրսեւորելով իր թե՛ ֆիզիկական, թե՛ տեխնիկական բարձր վարպետությունը: Ինձ հատկապես տպավորել է կիսաեզրափակչում նրա հիանալի հաղթանակը: Յուրաքանչյուր մենամարտից առաջ ես նրան ասում էի՝ «Արթո՛ւր, կռվիր «սա իմ կյանքի վերջին մենամարտն է» նշանաբանով», կարծում եմ՝ այդ ամենը տվեց իր արդյունքը: Արթուրը իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ հասավ այս բարձունքին: Տարածաշրջանի եւ ոչ մի երկիր չի կարող պարծենալ այսպիսի հաջողությամբ: Ջանք ու եռանդ չենք խնայելու, որ հաղթանակները լինեն շարունակական: Հիմա ամենայն լրջությամբ պատրաստվում ենք Ստամբուլում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, որտեղ մեր չեմպիոնի համար ավելի դժվար է լինելու, քանի որ նա մենամարտելու է 70 կգ կշռող քաշային կարգում: Չնայած այս հանգամանքին՝ հույս ունենք, որ մեր երկրի օրհներգը կհնչի նաեւ Թուրքիայում»:

ՀԱԿՈԲ ՉՈՔԵՔՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30