Լրահոս
Օրվա լրահոսը

Զորի Բալայանի «հացը կտրողները»

Նոյեմբեր 06,2015 12:00

Շաբաթվա սկզբին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Նա հանդիպեց ՀՀ իշխանությունների հետ, որոնց հետ քննարկեց երկկողմ ռազմավարական գործընկերությունն ավելի խորացնելու եւ ամրապնդելու ուղղությամբ քայլերը, միջազգային խնդիրներն ու տարածաշրջանի մարտահրավերները, ինչպես նաեւ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկա փուլին առնչվող հարցերը:
Վալենտինա Մատվիենկոյի այցը չէր առանձնանա որպես իրադարձություն, եթե ՀՀ Ազգային ժողովում մի միջադեպ տեղի չունենար:

Մեր հասարակությունը բազմաթիվ անգամներ է ականատես եղել Ռուսաստանի իշխանությանը հավատարիմ լինելու տարբեր դրսեւորումների ՀՀ իշխանությունների, ընդդիմության ներկայացուցիչների, փորձագետների, մշակութային գործիչների կողմից:
Որքան էլ Հայաստանի քաղաքական դաշտն այս առումով կանխատեսելի է, բայց, փաստորեն, դեռ ապշեցնելու տեղ մնացել է: Պարզվում է՝ «ցարին» ուղղված Զորի Բալայանի երկարաշունչ նամակը դեռ ամենացնցողը բանը չէր, որ կարող էր պատահել: Ում մտքով կանցներ՝ ռուս պաշտոնյան Երեւանում, Հայաստանի Ազգային ժողովում հայ պատգամավորին ստիպված է լինելու հիշեցնել, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է, եւ մասնավորապես Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի որոշողը ՀՀ քաղաքացիներն են:

Մի քանի օր է՝ հայաստանյան մամուլն անդրադառնում է մի միջադեպի: Թեեւ ԱԺ-ում հրավիրված մամլո ասուլիսում Մատվիենկոն ներքաղաքական հարցերի չի անդրադարձել, բայց ավելի վաղ փակ դռների ետեւում հանդիպել է խորհրդարանի խմբակցությունների ղեկավարներին, որտեղ էլ անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների առաջիկա հանրաքվեին։ Որոշ կայքերի հրապարակումներից հետո «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը պարզաբանել է, որ ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ընդդիմադիր ՀԱԿ-ի դիրքորոշումը. «Նաեւ կատակով ասացի՝ լավ, չե՞ք կարողանում մի հատ լավ խորհուրդ տալ ձեր ընկերներին, որ նույնքան խնայողաբար մոտենան Սահմանադրությանը, ինչպես դուք եք մոտենում ձեր Սահմանադրությանը»։

Ըստ Զուրաբյանի՝ Մատվիենկոն արձագանքել է, որ Հայաստանի ժողովուրդը կորոշի՝ փոխել, թե չփոխել Սահմանադրությունը, եւ ռուսական կողմը այդ հարցում ոչ մի դիրքորոշում չունի։ «Եվ դա շատ լավ է։ Ես գիտեմ, որ իշխանությունները շատ ուզում էին նրանցից աջակցություն ստանալ այդ ռեֆորմում, բայց չեն ստացել»,- հավելել է Զուրաբյանը։

«Առավոտի» հետ զրույցում Զուրաբյանը նշել է, որ Սահմանադրությանը խնայողաբար վերաբերվելու մասին հարցը տվել է սարկազմով, եւ հավելել է. «Մի՞թե պարզ չէ, որ սա մեր ներքին գործն է: Եվ Մատվիենկոյի այդ արտահայտությունը ուղիղ այն էր, ինչ ես ուզում էի լսել»: Այս կապակցությամբ մամուլում եղած հրապարակումները Լեւոն Զուրաբյանը բնորոշել է այսպես. «Դրանք ընդամենը ժուլիկություններ են «այո»-ական պատգամավորների կողմից, որոնք խեղաթյուրված «արտահոսքեր» են տվել»:

Մինչդեռ «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն առավել մանրամասն է պատմել, թե ինչ է տեղի ունեցել ԱԺ-ում փակ դռների հետեւում: Պարզվում է՝ Մատվիենկոն խիստ զարմացել է Զուրաբյանի հայտարարությունից, իսկ վերջինս, տեսնելով ներկաների ապշահար դեմքերը, հայտարարել է. «Я пошутил»: «Հանդիպման ժամանակ Լեւոն Զուրաբյանը ձեռք բարձրացրեց, ներկայացրեց, որ ողջունում է Հայաստան-Ռուսաստան բարեկամությունը, որ դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակվանից այդ բարեկամությունը դրվել է նոր մակարդակի վրա, եւ չնայած որ ինքը ընդդիմություն է, եւ իրենք շատ հզոր քննադատում են այսօրվա իշխանություններին, բայց ողջունում են այսօրվա իշխանությունների ռուսական կողմնորոշումը եւ համագործակցությունը ՌԴ-ի հետ։ Ասաց, որ Հայաստանում այն ուժերը, որոնք կողմնակից չեն ՌԴ-ին, ընդամենը մի քանի հոգի են եւ մարգինալ են։ Զուրաբյանը, իր խոսքը շարունակելով, ցիտեց Պուտինի ինչ-որ ելույթ, որտեղ ասվում է, որ Սահմանադրությունը չի կարելի շատ արագ փոխել, եւ այդ ցիտումից հետո կոչով դիմեց տիկին Մատվիենկոյին, որ խնդրում եմ՝ դիմեք մեր իշխանություններին, որ զերծ մնան սահմանադրական բարեփոխումներից»,- պատմել է Թեւան Պողոսյանը։ Իսկ Մատվիենկոն հայտարարել է, որ Հայաստանը սուվերեն երկիր է, եւ որեւէ մեկը իրավունք չունի խառնվելու Հայաստանի սուվերեն իրավունքներին։ «Հասկանալով, որ շատ անհաջող մեջբերում է արել, որը բոլորի դեմքից կարելի էր նկատել, պարոն Զուրաբյանը, չգիտեմ ինչու, որոշեց ասել, որ կատակ է արել, ինչն ընդհանրապես ավելի վատ իրավիճակ ստեղծեց»,- նկատել է Թեւան Պողոսյանը։

Այն, որ ՀՀ իշխանությունները Հայաստանի համար բոլոր վճռորոշ հարցերը համաձայնեցնում են Կրեմլի հետ՝ դա նորություն չի: Բայց պատկերացրեք մի իրավիճակ, երբ Մատվիենկոն ստիպված է լինում հայ պատգամավորին հակադարձել` «բայց դուք սուվերեն երկիր եք, ինքներդ պետք է ձեր հարցերը լուծեք, մենք ո՞վ ենք, որ այդպիսի հարցեր բարձրաձայնենք, իսկ այն, ինչ ասել է Պուտինը, ասել է ՌԴ-ի համար, եւ դա վերաբերում է միայն ՌԴ-ին»։

Բայց ՀԱԿ-ին կարելի է հասկանալ: Այն բանից հետո, երբ Արա Աբրահամյանը հայաստանյան քաղաքական դաշտ մտնելու հայտ ներկայացրեց, ՀԱԿ-ը, ըստ ամենայնի, «խուճապի մեջ է», իսկ Մատվիենկոյին իրենց մասին հիշեցնելու եւ Պուտինին հավատարմության հերթական ժեստը ուղարկելու առումով պատեհ առիթ էր, որին ՀԱԿ-ը պատրաստվել էր ըստ արժանվույն (հավանաբար, Սմբատ Կարախանյանն այլեւս չի կարողանում «դուրս գալ» Պուտինի կամ նրա մերձավորների վրա):

Եթե Մատվիենկոյի` ռուսական կողմը սահմանադրական փոփոխությունների հարցում ոչ մի դիրքորոշում չունի, արտահայտությունը ՀԱԿ-ի համար իսկապես Սերժ Սարգսյանի «ռեժիմը կազմաքանդելու» լրջագույն ազդակ է, ապա այդ ուժն արդեն մի քանի օր պետք է Ազատության հրապարակը լցրած լիներ: Բայց` ումո՞վ… Քառյակ-եռյակներից ոչինչ չստացվեց, իսկ հիմա ՀԱԿ-ը լծվել է «հուժկու» պայքարի ընդդեմ ՀՅԴ-ի:

Իրականում, սակայն, ՀԱԿ-ի պահվածքը անսպասելի չէ: Պարզապես զավեշտն այն է, որ երբ հերթական անգամ իրականացվում է Հայաստանի ինքնիշխանությունը ստորացնող որեւէ քայլ, այդ փաստերի մասին մամուլում հրապարակումներն են պատճառ դառնում, որպեսզի ՀԱԿ-ականները իրենց սպասարկող կայքերի ու «շարքերի» միջոցով «պայքարեն» այդ թեմաներին անդրադարձող ԶԼՄ-ների դեմ, ընդ որում՝ քաղաքական ուժին ոչ հարիր մակարդակով:

Բայց այստեղ էլ զարմանալու բան չկա` նախկին թիմակիցներին անձնական վիրավորանքներ հասցնելը, դահլիճային միջոցառումներում «հուժկու» պայքարելն է միայն մնացել այս ուժին, այդ իսկ պատճառով պետք է նրանց ըմբռնումով մոտենալ ու այսուհետեւ ամեն գնով իրենց մասին հիշեցնող այս ուժին արժանի ձեւով վերաբերվել` «մեռածների մասին կամ լավ, կամ ոչինչ» սկզբունքով:

Ծանր իրավիճակ է, երբ կուսակցությունը քաղաքական «բորոտի» է վերածվում թե՛ երկրի ներսում, թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի համար:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Զուրաբյանն ու Զորին ռուս ցարին են դիմում, հանրապետականներն էլ Բուկիկիոյին են դիմում: Ոչ մի տարբերություն չկա: Արդյունքում միշտ տուժում են իսկական հայերը, ովքեր ոչ մի տեր չեն ճանաչում իրենց գլխին:

  2. Մարատ| says:

    Հին Հռոմում գործել է ոչ թե՝ «մեռածների մասին կամ լավ, կամ ոչինչ», այլ՝ «մեռածների մասին կամ ճշմարտությունը, կամ ոչինչ» սկզբունքը …

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30