Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԱԽՏԱՎՈՐԸ

Նոյեմբեր 06,2015 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ յոթերորդ

ԵՐԱԽՏԱՎՈՐԸ

Դրանք վաթսունականների ամենավերջերն էին, եւ ես էդ տարիներին ֆուտբոլի իսկական ու կատարյալ ֆանատ էի, եւ չնայած հիմիկվա ֆանատների պես ֆանատների խումբ չունեինք, ես, իմ ընկեր Կարոն ու էլի մի քանիսն իսկական ֆանատներ էինք, բայց, ի տարբերություն նախորդ սերնդի ֆանատների,  մենք ոչ թե Հովիվյանի ֆանատներն էինք, այլ՝ «Արարատի», ավելի ճիշտ՝ «Արարատի» փոխարինող կազմի, որովհետեւ էդ թվերին «Արարատի» փոխարինող կազմը նույնիսկ հիմնական կազմից էր ուժեղ, եւ փոխարինողների կազմում խաղում էին էն տղերքը, որոնք 73-ին չեմպիոն դարձան, եւ էդ տարիներին ոչ միայն մեր, այլեւ իրենց մտքով էլ չէր կարող անցնել, որ ընդամենը երեք ու չորս տարի անց աշխարհի մեկ վեցերորդի չեմպիոնն ու գավաթակիրն են դառնալու, եւ էդ բանը մեր ու իրենց մտքերի ծայրով անգամ չէր կարող անցնել, որովհետեւ նախադեպը չունեինք, եւ մեր ունեցած ֆուտբոլային ամենալուրջ նախադեպն անձամբ Հովիվյան Սաքոն էր՝ իր խաղաղ, սիրուն ու հանճարեղ գոյությամբ եւ իր հանկարծակի ու անսպասելի պոռթկումներով, ինչպես նաեւ Թիֆլիսի «Դինամոյին» անկյունայինից խփած իր բացառիկ գոլով, որն, ի տարբերություն շատերիդ, անձամբ եմ տեսել, ինչպես նաեւ՝ բրազիլական «Ֆիլումինենսեին» խփած իր երկու հիասքանչ գոլերով, որոնք ըմբոշխնելու բախտն ու երջանկությունն էլ է ձեր խոնարհ ծառան ունեցել, եւ ձեր խոնարհ ծառան նաեւ Սաքոյի՝ Հանրապետական մարզադաշտում ծույլ-ծույլ շորորալը տեսնելու բախտն է ունեցել, ինչպես նաեւ՝ իր հանկարծակի ու փոթորկածին պոռթկումները, ինչպես նաեւ արդեն փոր գցած Սաքոյի՝ խաղադաշտի ամենահով տեղում կանգնելը, ինչպես նաեւ Սաքոյի գլխով դիտմամբ գոլ չխփելը, եւ դա ամենափառահեղն էր, եւ երբ դա պատահում էր, ամբողջ մարզադաշտը ցնծում էր, եւ դա պատահում էր էն ժամանակ, երբ գնդակը որտեղից որտեղ՝ թարսի պես գալիս ու հայտնվում էր դարպասի մոտերքում հայտնված Հովիվյան Սաքոյի գլխավերեւում, եւ չնայած էդ դիրքից գոլ չխփելն ավելի դժվար էր՝ քան խփելը, բոլորը համոզված էին, որ Հովիվյանն էդ նպաստավոր դիրքից վրիպելու է, ավելի ճիշտ՝ ոչ թե վրիպելու է, այլ դիտմամբ գոլ չի խփելու, եւ էդ նպաստավոր դիրքից Հովիվյան Սաքոյի գոլ չխփելը Սաքոյասերների համար ավելի մեծ ուրախություն էր, քան՝ եթե ուխոդ չաներ ու գոլ խփեր, եւ Հովիվյան Սաքոն դիտմամբ գլուխը գնդակից փախցնելով՝ թողնում էր, որ գնդակը հեռանա իրենից, եւ էդ պահին ողջ ստադիոնը ցնծությունից պայթում էր՝ ասես մերոնք գոլ խփած լինեին, եւ բոլորը գոհ էին, որ Սաքոն գլուխը գնդակից փախցրեց ու գոլ չխփեց, որովհետեւ բոլորը գիտեին, որ Հովիվյան Սաքոն  գլխացավեր ուներ, եւ բժիշկներն ու հատկապես «Արարատի» բժիշկը Սաքոյին արգելել էին գլխով գնդակին դիպչել, եւ Սաքոն էդպես էլ անում էր՝  այսինքն, գլխով նաղդ գոլը չէր խփում, եւ ֆուտբոլասերները դրանից ոչ թե նեղվում ու նեղանում էին, այլ, ընդհակառակը, միանգամայն ըմբռնումով էին վերաբերվում դրան, որովհետեւ հայ ֆուտբոլասերների մեծամասնության համար Սաքոն ու Սաքոյի առողջությունն ավելի կարեւոր էին, քան՝ ֆուտբոլը, ավելի ճիշտ՝ նրանց համար ֆուտբոլը հենց Սաքոն էր, եւ ֆուտբոլ ասածը Սաքոյով սկսվում ու Սաքոյով էլ ավարտվում էր, եւ Պելեն ու մյուսները գոյություն ունեին ու կային, որպեսզի երբեմն-երբեմն Հովիվյան Սաքոյի հետ համեմատվեին, եւ Հովիվյան Սաքոյի էդ հրաշապատում հեքիաթը հավանաբար հրաշալի էլ վերջաբան կունենար, եթե Բաքվից հանկարծակի չհայտնվեր Արտյոմ Գրիգորեւիչ Ֆալյանն ու ամեն ինչ գլխիվայր շուռ չտար, եւ միգուցե հայ ֆուտբոլասերն էդ աստիճան չատեր Ֆալյանին, եթե Ֆալյանը Բաքվից Երեւան ժամանելով՝ «Արարատի» վերակառուցման գործընթացն անձամբ Սաքոյից չսկսեր, բայց քանի որ բաքվեցի Արտյոմ Ֆալյանն «Արարատի» առաջընթացը միայն ու միայն Հովիվյան Սաքոյի բացակայությամբ էր պատկերացնում, հայ ֆուտբոլասերները, ավելի ճիշտ՝ հայ ֆուտբոլասերների զգալի մասն ի խորոց սրտի ատեց Բաքվից հանկարծակի Երեւան եկած Արտյոմ Ֆալյանին, եւ հայ ֆուտբոլասերը Ֆալյանին ատեց ու չներեց հատկապես էն ժամանակ, երբ Ֆալյանն առանց Հովիվյանի «Արարատին» բարձրացրեց ու հասցրեց բարձրագույն լիգայի ութերորդ հորիզոնական, եւ չնայած էդ արդյունքն ընդամենը երկու տարի առաջ երկրորդ խմբում հանդես եկած թիմի համար բացառիկ էր, այդուհանդերձ, հայ ֆուտբոլասերը Ֆալյանին չներեց, եւ, փաստորեն, վաթսունականների վերջերին Արտյոմ Գրիգորեւիչ Ֆալյանը վտարվեց Երեւանից, եւ շատերն ուրախ ու գոհ էին, եւ հատկապես ու առանձնապես Քյավառ Վալոդն էր ուրախ ու գոհ, որովհետեւ Ֆալյանին Երեւանից ու Հայաստանից վտարելու ժողովրդական շարժման ղեկավարն ու առաջնորդն անձամբ Քյավառ Վալոդն էր, եւ Քյավառն իր համակիրներին ու համախոհներին հետեւը գցած՝ շաբաթը մեկ Սպորտկոմիտեի դռներն էին ծեծում՝ Հայաստանի մարզական ղեկավարությանը համոզելով ու բացատրելով, որ Ֆալյանը հայկական ֆուտբոլի համար իսկական չարիք է:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30