Հատուկ չվերթով Երևան ժամանեց Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած 32 քաղաքացիներին և 8 զոհերի աճյունները տեղափոխող օդանավը: Տուժածներին ուղեկցում էին վթարի կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի նախագահ Գագիկ Բեգլարյանը և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ինչպես նաև զոհերի 16 հարազատները:
Ութ տուժածներն օդանավից անմիջապես տեղափոխվել են ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նրանցից 3-ի մոտ առկա է ողնաշարի վնասվածք, և տեղափոխումը կազմակերպվել է ռեանիմոբիլներով` մասնագետների հսկողությամբ: Տուլայի բժշկական հաստատություններում բուժումը կշարունակեն 12 վիրավորները։ Նրանք հիվանդանոցներում կմնան այնքան ժամանակ, մինչև առողջական վիճակով պայմանավորված հնարավոր կլինի նրանց տեղափոխվել Հայաստան:
Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհված քաղաքացիների աճյունների տեղափոխումը կազմակերպել է ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական կենտրոնը, որտեղից վաղը՝ նոյեմբերի 6-ին` ժամը 10:00-ից դիերը կհանձնվեն հարազատներին։
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարարություն