«Սիրելի բանաստեղծ լինել ամեն մեկին տրված չէ, իսկ Զահրատը 60-ականների սերնդի ամենասիրելի բանաստեղծներից էր»,- ասում է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ միության մեծ դահլիճում նշվեց պոլսահայ բանաստեղծ Զահրատի (Զարեհ Յալտըզճյան) 90-ամյա հոբելյանը:
«Թվում է, թե Զահրատն իր պարզ, զրույցին մոտ ոճով կարճառոտ բանաստեղծություններով հասարակ մի պատմություն է անում. բանաստեղծությունն ամեն ինչով ձգտում է պարզության, մերկության: Բայց այդ մերկության, պարզ թվացող փոքրիկ կայծերի մեջ հայտնվում են պարադոքսալ մտքեր, շրջասություններ, բառախաղեր, անսպասելի տողեր, որոնք ներսից լուսավորում են փոքրիկ բանաստեղծությունը»,- ասաց Էդվարդ Միլիտոնյանը:
«Զահրատը՝ որպես բանաստեղծ, սրամիտ էր, երբեմն միայնակ, շատ կարոտող, հաճախ նաև ընդվզող: Բանաստեղծական խոսքում և´ նորարար էր, և´ շարունակում էր դասական բանաստեղծության լավագույն ավանդները»,- սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը՝ որպես գրականագետ, այսպես ներկայացրեց Զահրատ բանաստեղծին:
Կարդացեք նաև
«Նա շատ լավ գիտեր գրականության, մասնավորապես բանաստեղծության արժեքը: Գտնում էր, որ բանաստեղծությունը պիտի լինի հույսի, լույսի, խրախույսի բանաստեղծություն: Գտնում էր, որ բանաստեղծությունը կարող է լինել ազատություն, կարող է լինել արևի կենսատու շող, մտորում և այլն: Ու հենց այդպիսին է զահրատյան բանաստեղծությունը: Կարոտող, նեղացող, երբեմն հեգնող, երբեմն ծաղրող այս բանաստեղծը, մեծ հաշվով, բանաստեղծության մեջ մնաց իբրև իր երկրի, իր ժողովրդի մեծ սիրահար:
Այն, որ Զահրատը դառնալու էր մեր դասականներից մեկը, երևում էր նրա առաջին իսկ բանաստեղծական ժողովածուներից: Այն բանաստեղծը, որը մուտք է գործում գրականություն ու չի ստեղծում զուտ իրենով կոչվող աշխարհ, դատապարտված է մոռացության: Այդպես ստեղծվեց դուրյանական աշխարհ, ստեղծվեց մեծարենցյան աշխարհ: Համարձակ կարող ենք ասել, որ այսօր մենք ունենք Զահրատի աշխարհը մեր բանաստեղծության մեջ»,- ասաց Ս. Սրապիոնյանը:
Պոլսահայ բանաստեղծի հոբելյանին նվիրված միջոցառմանը մասնակցում էր նաև Տիգրան Մանսուրյանը: Մաեստրոն նկատեց, որ իրեն այդտեղ է բերել հայոց լեզվի, հայ բանաստեղծության և Զահրատի նկատմամբ իր սերը. «Կյանքն այն ժամանակ ավելի կատարյալ էր, որովհետև Զահրատը մեզ հետ էր ու ներկա էր մեր հանդիպումներին, շփումներին: Լեցուն էր կյանքը…
Ես նրան ճանաչեցի 60-ականներին, երբ «Գարուն»-ը նոր շունչ ու անուններ էր բերում գրական կյանք: Այդ տարիներին այնքան անակնկալ էին մեզ համար Զահրատի բանաստեղծությունները, այնքան անսովոր, այնքան նոր: Դրանց հետ կարծես մենք ինքներս պիտի նորոգվեինք, ինքներս մեզ հայտնաբերեինք ոչ միայն իբրև ընթերցող, այլև ապրող, ակունք ունեցող մարդ»,- ասաց Տ. Մանսուրյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ