Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիից արտագաղթի տեմպերը մտահոգության մեջ են գցել կանադահայ Վահան Քոլոլեանին. նա մտածում է ՝ ինչպես երջանկություն բերի այս քաղաքին. (Տեսանյութ)

Նոյեմբեր 05,2015 21:00

Այսօր Գյումրիում էր կանադահայ մեծահարուստ Վահան Քոլոլեանը, որը «Քոլոլեան» հիմնադրամի տնօրենն է: Նա հանդիպեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ՝ մանրամասնելով, թե ինչ է պատրաստվում անել հանրապետության երկրորդ քաղաքում:

Հանդիպման հենց սկզբում Սամվել Բալասանյանը Վահան Քոլոլեանին ասաց, որ շուտով կավարտվի երկրաշարժից անօթեւան մնացած մարդկանց բնակարաններով ապահովելու պետական ծրագիրը, ինքը հիմնադրամ է ստեղծել, որպեսզի իրագործի «Գյումրին առանց տնակներ»-ի ծրագիրը:

IMG_0932

Քաղաքապետը կանադահայ Քոլոլեանին անմիջապես առաջարկեց մեծ աջակցություն ցույց տալ այս ծրագրին: Պարոն Քոլոլեանը, սակայն, բացատրեց իր նպատակը. նա ասաց, որ իրենց նպատակը քրքրելը, ուսումնասիրելն է, կարիքը զգալը, նորի միայն ծրագրեր իրականացնելն է: Հյուրը, մատնացույց անելով իր  հիմնադրամի փոխտնօրեն Լենա Մուրադյանին, տեղեկացրեց, որ վերջինս ուսումնասիրություններ է կատարել Գյումրիում ու տեսել, որ այստեղից մեծ տեմպերի է հասնում արտագաղթը:

Լենա Մուրադյանը իր հերթին ներկայացրեց հետազոտության արդյունքները. «Արտագաղթի քանակը շատ մեծ է Գյումրիից, դա մեզ շատ անհանգստացրեց, մենք  որոշեցինք այս հարցին ավելի  մանրամասն մոտենալ ու դրանից ծագեց Գյումրիի մեր ծրագիրը: Այնուհետ այցելեցինք տնակները, տեսանք, թե ինչ ծայրահեղ վատ վիճակում են մարդիկ ապրում, ինչպիսի աղքատություն է տիրում, հասկացանք, որ մեր հիմնադրամը, մեր հիմնական գործողությունները հենց այդ մարդկանց համար պիտի լինեն առաջին հերթին, որպեսզի այդ մարդիկ չարտագաղթեն»:

Վահան Քոլոլեանն էլ  հավելեց. «Մեր մոտեցումն այլ է, եւ մեր քայլ առ քայլ մոտենալու ձեւը, ինչպես լավ ասացվածքը մը կա. կըսեն լավ ատաղձագործը  երկու անգամ կչափե, մեկ անգամ կկըտրե: Մենք երկու անգամ պիտի չափենք, որ մեր ծրագրերը հաստատ ըլլան եւ կարենանք միասին նոր եռանդ մը ստեղծել ձեր քաղաքին մեջ, որ ամենքս էլ հպարտանաք, կարենանք երջանկություն բերել»:

Նրանք այժմ հետազոտություն են անում երեք բնագավառներում՝ տուրիզմի զարգացման, արդյունաբերության ու գյուղատնտեսության:

Վահան Քոլոլեանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ միայն նվիրատվություններ անելը սխալ է,  չպետք է կրկնել տարիների սխալը, այլ պետք է պրպտել ու  հասկանալ, թե մարդկանց իսկապես ինչ է անհրաժեշտ : «Պետք է բերենք ինդուստրի, տուրիզմ, ագրիկուլտուրա, այս ամենն, այս է, որ շարժում կստեղծե, այս է, որ մարդ կբերե, դրամ կծախսվի: Միայն նվիրատվություններով  չըլլար, պետք է հաստատ գործեր, հաստատ առիթներ տրվի երիտասարդությանը, որպեսզի իրենք իրենց քաղաքին մեջ բարգավաճին», -ասաց մեր զրուցակիցը:

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ այդուհանդերձ  կարձագանքի՞ Սամվել Բալասանյանի «Գյումրին առանց տնակներ»-ի ծրագրին, բնակարաններ կգնի՞, նա  ասաց.« Հավանաբար ոչ, մասնակցությունը մեր պետք է ըլլա արարել, աշխատել իրենց հետ, որովհետեւ մենք հիմնադրամ չենք , որ դրամ դնենք, որ տուն գնվի, բայց պետք է օգտակար ըլլանք մեր այս ծրագրով: Համազգային հիմնադրամներ կան, եթե մեր գործը ճիշտ ընենք այս անգամ եւ լուրջ, գրավիչ ծրագրեր ըլլան, այն ատեն այդ ուժերն են, որ պիտի գան ու մեր քաղաքապետին հետ ձեռք ձեռքի դնեն»:

Մեր հարցին, թե չի՞ վախենում հայրենիքում ներդրումներ կատարել, երբ շատ սփյուռքահայեր հիասթափվեցին ու գնացին, ասաց, որ լավատես է ու հապաղելու ժամանակ չունի:

Նշենք, որ Գյումրու քաղաքապետը նրան Գրիգոր Նարեկացու աղոթագիրքը՝ «Նարեկ» նվիրեց՝ կատակելով, թե «Մտածեցինք ամեն ինչ ունի Վահանը, երեւի միայն  Նարեկ չունի»: Հյուրն էլ իր հերթին կատակեց՝ ասելով.«Ես գարեջրին մոտ մարդ մըն եմ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30