Անոնիմուսների երթի մասնակիցներն այս պահին կառավարության շենքի մոտ են: Մի պահ նրանք փորձում էին ավելի մոտենալ շենքին, բայց ոստիկանները թույլ չտվեցին: Երթի մասնակիցների նպատակն է իշխանություններին հիշեցնել, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ եւ նրանք պետք է ազատ արձակվեն:
Արդեն երկու տարի անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի որդին`Շահեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պայթուցիկներ չեն կիրառվելու, երթն էլ խաղաղ բնույթ է կրելու:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ այս օրը ձերբակալվեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը: Այդ օրը Երեւանի կենտրոնում պայթուցիկներ կիրառվեցին, անկարգություններ եղան:
Անոնիմուսների երթի մասնակիցները կառավարության շենքի մոտից փորձում էին Նալբանդյան փողոցով շարժվել դեպի ԱԱԾ շենքի մոտ, բայց ոստիկանները թույլ չտվեցին`ասելով, որ իրազեկման մեջ նշված է, որ Նալբանդյան փողոցից պետք է հատեն Սայաթ-Նովա փողոցը:
Ցուցարարները ցանկանում են գնալ, հետո հետ վերադառնալ ու հատել Սայաթ-Նովան:
Ցուցարարներ-ոստիկաններ վիճաբանությունների արդյունքում, ցուցարարները նստեցին փողոցում: Այս պահին դեռ հասկանալի չէ, թե ի՞նչ քայլերի կդիմեն կողմերը: Ցուցարարների եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի միջեւ բանակցություններ են ընթանում:
Բանակցությունների արդյունքում եկան համաձայնության, որ Շանթ Հարությունյանի որդին`Շահենը եւ Շանթ Հարությունյանի կինը` Ռուզաննան, լրագրողների ուղեկցությամբ գնան ԱԱԾ շենքի մոտ, այնտեղ ներկայացնեն իրենց պահանջը եւ վերադառնան ու ցույցի այլ մասնակիցների հետ շարժվեն դեպի Ազատության պողոտա, որտեղ էլ կավարտվի բողոքի ակցիան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ