«Ունե՞ք գնահատման մեխանիզմ, ստուգելու մինչ այս ձեր կողմից պատրաստված նյութերն ի՞նչ ազդեցություն են ունեցել: Կան նյութեր, որոնք ասենք, նույնիսկ կարելի է վերահրատարակել: Ծրագրային իմաստով այս գումարը ինչպե՞ս է բաժանվում ՝ ինչքա՞ն գումար հայկական քարոզչության համար և ինչքա՞ն է հակաքարոզչության համար, օրինակ՝ Խուջալուի մասին ֆիլմեր նկարելը և այլն»,- այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2016 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին հարցրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Մինչ պատգամավորի հարցը, ի դեպ, Շավարշ Քոչարյանը դժգոհել էր, որ աշնանն արդեն գործուղումների գումարները քչություն են անում, քանի որ ավիատոմսերի գները բարձրանում են:
Թեւան Պողոսյանին նաև հետաքրքրում էր նաեւ`արդյոք գումար հատկացվա՞ծ է ԵԽԽՎ-ում երկու հակահայկական զեկույցների դեմ պայքարելու համար, արդյոք ձևավորվա՞ծ է թիմ, որն արդյունավետ կաշխատի նմանատիպ բաները չեզոքացնելու համար, որքա՞ն այցելություններ են անհրաժեշտ լինելու՝ համոզելու այլոց, որ հունվարին գնան և ճիշտ քվեարկեն:
«Կա՞ հատկացված գումար, թե՞ ոչ, քանի որ բյուջեի տերը ԱԺ-ն է. 131 պատգամավորները` կպայքարեն և գումար կտանք»,-ասաց Թեւան Պողոսյանը: Պատգամավորի խոսքին արձագանքեց նիստը վարող ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը. «Կաշառքի համար գումար է ուզում»:
Կարդացեք նաև
ԱԳ փոխնախարարն էլ ասաց, որ ցանկացած նյութ, որ հրապարակվում է ՀՀ-ի կողմից, ամեն ինչ արվում է, որ չերևա արտաքին գործերի նախարարության մասնակցությունը. «Ես խոսում եմ և քարոզչության, և հակաքարոզչության մասին: Իհարկե, շատ ավելի ազդեցիկ է, երբ մենք աջակցում ենք, որպեսզի օտարերկրացին ներկայացնի մեր դիրքորոշումը, Բոլոր դեսպանները տարվա ընթացքում տալիս են իրենց ծավալուն հարցազրույցները: Իհարկե գնալով քարոզչության և հակաքարոզչության որակը բարձրանում է, սակայն մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ, բայց մեր հարևանը գործում է գեբելսյան սկզբունքով, քանի որ ամենահրեշավոր սուտը որքան շատ ես ասում, այն սկսվում է ընկալվել որպես ճշմարտություն»:
Այս համատեքստում, անդրադառնալով երեկ ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի ընդունած հակահայկական զեկույցին, ասաց, որ Ռոբերտ Ուոլթերի վարքագիծն իր համար նորություն չէ, քանի որ 2013 թվականին Ուոլթերը ղեկավարել է Ադրբեջանի ընտրությունների դիտորդական առաքելությունը: Նա փայլուն էր որակել այդ ընտրությունները, մինչդեռ իրականում, դրանք խայտառակություն էին:
«Հեղինակավոր «Գարդիան» թերթն այս առիթով գրեց, որ արքայավայել ընդունելության արժանանալուց հետո, նրանք ՝ խոսքը վերաբերում է Ուոլթերին և իր թիմին, վերադարձան թանկարժեք նվերներով՝ մետաքսե գորգեր, խավիար, խմիչքներ և գումարներ: Այսինքն ՝ մենք շատ լավ գիտակցում ենք, որ գտնվում ենք մի դաշտում, որտեղ պետք է փորձել գումարներով պայքարել: Օտարերկրյա պատգամավորների հետ հանդիպելիս պետք է իր դարդից խոսես, որից հետո է մեկ անգամ, երկրորդ անգամ և երրորդ անգամից հետո նա նույնպես քեզ կհարցնի, թե Ղարաբաղի հարցը ի՞նչ եղավ: Ստացվում է ՝ շատ լուրջ և հետևողական հարց է և մենք չենք կարող նավթային դոլարներին հակադրենք գումարներ, դա նաև մեր արժեհամակարգին հարիր չի: Ադրբեջանի պատվիրակությունն ասես մի որդնած խնձոր լինի, որն ընկել է ԵԽԽՎ եւ այնտեղ բոլոր խնձորներին որդնացնում է: Դա ԵԽԽՎ-ի կարևորագույն խնդիրն է, քանի որ այն ուղղված էր մարդու իրավունքները և ժողովրդավարությունը քարոզելուն»,- եզրափակեց նա:
Թևան Պողոսյանին չբավարարեց Շավարշ Քոչարյանի երկարաշունչ պատասխանը. «Ձեր ելույթից մի բան կարողացա ընկալեմ, որ երեք անգամ պետք է առնվազն գնանք և այդ մարդու դարդերից խոսենք և հիմա հարց է, թե դրանից հետո քանի՞ անգամ պիտի գնանք , որ մեր դարդերից էլ խոսենք, քանի՞ հոգի պիտի գնա՝ ԱԳՆ-ն պատգամավորնե՞րը, թե՞ բիզնեսմենները պետք է գնան»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ