Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյանը դժգոհ է`ԱԳՆ-ին քիչ գումար է տրվում

Նոյեմբեր 05,2015 17:56

«Հաշվի առնելով Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումները՝ եկող տարվա բյուջեով արտացոլում կա՞, արդյոք այնտեղ դիվանագետների ավելացում նախատեսվում է: Վստահ եմ, որ սուր առաջնահերթություն կդրվի եկող տարի այս հարցին»,-այսօր խորհրդարանում, 2016 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին հարց տվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Քանի որ եկող տարվա բյուջեով նախատեսված չէ նոր դեսպանությունների բացումը, Սամվել Ֆարմանյանը հետաքրքրվեց` չի նախատեսվում գոնե պատվավոր հյուպատոսների ինստիտուտն ակտիվացնել`ընդլայնելով Հայաստանի դիվանագիտական ներկայության աշխարհագրությունը:

«Հիմա Իրանը բացվում է: 15 հարևան ունի, մենք դրանից մեկն ենք դառնում: Իհարկե, հարաբերությունները վերելք կապրեն, մանավանդ, որ կարևոր ծրագրեր կային, այն էլ ռազմավարական, որոնք դանդաղում էին պատժամիջոցների պատճառով»,-ասաց ԱԳ փոխնախարարը:

Շավարշ Քոչարյանը նշեց, որ Իրանում Հայաստանի դիվանագիտական ներկայությունը բավարար է, բայց եթե կարիք լինի, էլի ուշադրություն կդարձնենք: Հյուպատոսների ինստիտուտի ակտիվացմանը Շավարշ Քոչարյանն էլ կողմ է, քանի որ այդ ինստիտուտի ակտիվացումը լրացուցիչ ծախսեր չի պահանջում:

2016 թվականին ԱԳՆ-ի ծախսերի համար նախատեսված է 13 մլրդ 903 մլն դրամ, որը 14, 0%-ով՝ 1 մլրդ, 750 մլն- ով ավելի է նախորդ տարվա գումարից: Հատկացումները ԱԳՆ ապարատի պահպանման, դեսպանությունների և ներկայացուցիչների, միջազգային կազմակերպություններում ՀՀ անդամակցության վճարների, դեսպանությունների համար շենքերի գնման, ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության համար են: ԱԳՆ-ի կառավարման ապարատի ծախսերը ավելացել է 34 մլն 982 հազար դրամով: Ավելացումը հիմնականում աշխատավարձերի գծով է: Էներգետիկ ծառայությունների գումարները ավելացվել են 3,3 մլն դրամով, էականորեն ավելացել են համակարգչային ծառայությունները 10, 4 մլն-ով, 16 մլն-ով էլ տեղեկատվական ծառայությունների համար է ավելացել:

Նիստը վարող ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Արզումանյանը նկատեց`ԱԳՆ-ն շատ սուղ պայմաններում է աշխատում եւ այսօրվա փոփոխվող աշխարհում «դեսպան+1» կոնֆիգուրացիան բավարար չէ, ԱԳՆ-ին լրացուցիչ գումարներ են պետք:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30