2015թ. ոգեկոչման տարում Բեռլինի Միջազգային Մեդիա Ակադեմիան Հայաստանում կազմակերպել էր երկշաբաթյա ռադիոդասընթաց, որի ընթացքում մասնակից հայ լրագրողների հետ դիտարկվեցին 1915թ. իրադարձությունների վերաբերյալ ամենատարբեր մոտեցումներ: Քննարկվեցին նոր ասպեկտներ և փորձարկվեցին հեռանկարների տարբերակներ: Հասարակական-քաղաքական չափումից զատ՝ մասնակիցները հրավիրյալ փորձագետների հետ միասին քննարկեցին պատմության լուսաբանման և միջազգային իրավունքի հարցեր՝ դրանք ներկայացնելով իրենց ռադիոթողարկումներում:
Պատմաբան Սուրեն Մանուկյանը մասնակիցների հետ քննարկում էր պատմական ուսումնասիրությունների ներկայիս ընթացքը հայկական և թուրքական կողմերում:
Սահմանադրագետ Վլադիմիր Վարդանյանը խոսում էր միջազգային իրավունքից և համեմատություններ անում Ռուանդայում և Երրորդ Ռայխում տեղի ունեցած ցեղասպանությունների իրավական լուծումների հետ:
Ստեղծված ռադիոհաղորդումները մասնավորապես ներկայացնում են հարյուր տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության հանդեպ հայ երիտասարդության վերաբերմունքը, ինչպես նաև լուսաբանում հայ-թուրքական ներկայիս հարաբերությունը:
Կարդացեք նաև
Հանրային ռադիոյից, «Ռադիո Վանից», «Ազատություն» ռադիոկայանից ծրագրին մասնակցած լրագրողները խմբերով մշակում էին հեռանկարների հնարավորություններ՝ իրենց փորձելով նաև հեռարձակումից դուրս տարվող թիմային աշխատանքում:
Միջոցառումը ֆինանսավորել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն
Մամուլի բաժին