«Նախ պետք է հասկանանք, որ խնդիրն այսօր չի ծնվել եւ հանկարծակի չեկավ այս զեկուցողը՝ Ռոբերտ Ուոլթերը, ոչ էլ այս զեկույցը՝ խայտառակ անվանմամբ, ոչ էլ հաճախակի դարձած հակահայկական զեկույցները եւ բանաձեւերը ԵԽԽՎ-ում: Ընդհանուր պատճառն, իհարկե, նաև Հայաստանի քաղաքական կողմնորոշումն է դեպի Ռուսաստան, դեպի Եվրասիական միություն եւ Եվրոպական ինստիտուտների հետ հարաբերությունների պասիվացումը»,- այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը:
Նա, մասնավորապես, մեկնաբանեց երեկ ԵԽԽՎ-ի քաղաքական հարցերով հանձնաժողովի կողմից «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրված հակահայկական զեկույցի ընդունումը:
Հովհաննես Իգիթյանը շեշտեց, որ ամեն ինչ կարելի է միշտ վերագրել նավթադոլարներին, խավիարային դիվանագիտությանը, բացի Ռոբերտ Ուոլթերից այնտեղ կան այլ մասնակիցներ, այլ անդամներ տարբեր երկրներից եւ իրենց հետ պետք է աշխատել: «Եվ իրենց հետ պետք է աշխատել պառլամենտական ձեւով, այլ ոչ թե օգտագործել Արտաքին գործերի նախարարության խողովակները, որ պատգամավորներ չեն սիրում: Ես նկատի ունեմ այլ երկրների պատգմավորները չեն սիրում, երբ իրենց դիմում են ոչ թե կոլեգաները, այլ՝ Արտաքին գործերի նախարարությունները»:
Պարոն Իգիթյանը նաեւ գտնում է, որ հայկական պատվիրականության մեջ պետք է լինեն մարդիկ, որոնք հասկանում են, թե ինչպես են աշխատում Եվրոպայում, փորձ ունեն: «Եվ ամենակարեւորը նրանք պետք է իմանան Եվրախորհրդի աշխատանքային լեզուներից (անգլերեն եւ ֆրանսերեն) գոնե մեկը, որը նրանց հնարավորություն կտա ուղղակի ձեւով շփվելու եւ ներկայացնելու Հայաստանի քաղաքականությունը եւ տեսակետը: Հայաստանի պատվիրակությունը չպետք է ղեկավարի այն մարդը, որը հայտնի է գոնե Եվրախորհրդում իր պրոռուսական կողմնորոշմամբ (նկատի ունի Հերմինե Նաղդալյանին-Ա.Ի.)»:
Կարդացեք նաև
Ըստ նրա, դա վատ բան չէ: Հայկական խորհրդարանում կան եւ ռուսամետ, եւ արեւմտամետ դիրքորոշումներ ունեցող մարդիկ. «Ինձ թվում է դժվար չէ 131 պատգամավորներից գտնել մեկին, որը հայտնի է Եվրոպայում որպես արեւմտամետ եւ իրեն դնել ղեկավար: Դա շատ կարեւոր է, որովհետեւ հնարավոր չէ մի տեղ քծնանքով ընդունել Կիսելյովին, Մատվիենկոյին ժպտալ բարեհունչ ձեւով եւ Եվրոպայում ներկայանալ որպես եվրոպական գործիչ»:
Հովհաննես Իգիթյանը նաեւ կարեւորեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ընդդիմադիր հատվածի դիրքորոշումը. «Նրանք փորձում են քննադատել այս զեկույցը, բայց իրենք էլ իրենց դերն ունեն: Նրանք էլ են հանդիսանում հայկական պատվիրակության անդամ, նրանք էլ պետք է աշխատեին, որ այս բանաձեւը չանցներ: Այստեղ բացասական է այն, որ ընդդիմադիր անդամները կարող են իրենց թույլ տալ քննադատել, վիրավորել Եվրախորհուրդը, Վենետիկի հանձնաժողովին համարեն կաշառակեր եւ մյուս կողմից փորձեն լավ հարաբերութուններ ունենան նրանց հետ: Դա էլ է պատճառներից մեկը: Լեռնային Ղարաբաղն այն հարցն է, որ բոլորը պետք է համատեղ գործեին: Դա կնկատվեր ԵԽԽՎ-ում եւ իր դերը կունենար»:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ