Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ խախտումներ են արձանագրվել հանրաքվեի քարոզարշավի ընթացքում

Նոյեմբեր 05,2015 17:15

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը ՀԿ-ների ներկայացուցիչները բարձրաձայնեցին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի՝ քարոզարշավի ընթացքում արձանագրած խախտումների մասին:

Քննարկմանը մասնակցում էին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը և հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը:

Սոնա Այվազյանը կարծում է, որ «Այո»-ի շտաբի պետի պաշտոնում վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ինչպես նաեւ նրա տեղակալների պաշտոնում տարբեր պետական պաշտոնյաների նշանակումները պատահական չեն:

«Այդ մարդիկ ուղղակի ազդեցություն ունեն տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինների վրա, եւ այդ նշանակումները չեն կարող մեր կողմից չդիտարկվել որպես վարչական ռեսուրսի օգտագործման ռիսկեր, որովհետեւ հնարավոր չէ, որ այս պաշտոնական անձինք առավել եւս արձակուրդ չգնալու պարագայում, իրենց պաշտոնական դիրքը չօգտագործեն` չարաշահելու համար վարչական ռեսուրսները քարոզչության ընթացքում»,-նշում է Այվազյանը:

Նրա համար անհասկանալի է, թե ինչ կապ ունեն նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը, Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալը եւ ՏԿԱԻՆ նախարարը «ԱՅՈ»-ի քարոզչության հետ: Այվազյանի կարծիքով՝ այդ մարդիկ ընտրվել են իրենց պաշտոնական դիրքի ազդեցության եւ տիրապետած տեղեկատվության պատճառով:

ԹԻ փոխտնօրենն ընդգծեց, որ նախկինում տեղ գտած վարչական ռեսուրսի նման չարաշահումները արձանագրվել են ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի կողմից, եւ առաջարկություններ են ներկայացվել ՀՀ իշխանություններին, որպեսզի վարչական ռեսուրսները չչարաշահվեն: Եվ ներկայումս, քանի որ չեն իրականացվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանձնարարականները, սպասելի էր, որ իշխանությունները վերստին կդիմեն վարչական ռեսուրսի չարաշահմանը:

Այվազյանը հավելեց նաև, որ «Հանրաքվեի մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությունների ընթացքում իրենք պարզապես չհասցրեցին արձագանքել, քանի որ գործընթացը իրականացավ չափազանց հապշտապ եւ այդ փուլում բոլորի ուշադրությունն առավելապես սեւեռված էր Սահմանադրության Հայեցակարգի եւ նախագծի բովանդակային խնդիրներին:

«Այս ամենը ցույց է տալիս, որ սահմանադրական այս ողջ գործընթացը կազմակերպված է մեկ անձի շահերի սպասարկման համար եւ ուղղակի կողքից ծիծաղելի է նայել, թե ինչպես է ողջ պետական ապարատը, իրենց կրթված համարող պաշտոնյաները իրենց զավեշտալի վիճակի մեջ դնելով` էսպես թաթերի վրա սպասարկում են այդ մեկ անձի շահերը` չունենալով դրա համար հիմքեր»,-ընդգծեց Այվազյանը:

Նրա խոսքով` հանրաքվեի գործընթացում իշխանությունների դրսեւորած շտապողականության մասին է խոսում նաեւ այն, որ առանց նույնականացման քարտերով քվեարկության խնդրին լուծում տալու, նշանակվեց հանրաքվեն: Միեւնույն ժամանակ, Այվազյանը կարծում է, որ նույնականացման քարտերի խնդրով իշխանությունները փորձում են իրենց ուշադրությունը շեղել էլ ավելի կարեւոր խնդրից` ընտրացուցակներում տեղ գտած անճշտություններից:

Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով, իշխանությունը հատուկ է այդպիսի մարտավարություն բանեցնում` հարցերը առաջ քաշելով վերջին պահին` այդպիսով անակնկալի բերելով ընդդիմությանը: Բանախոսը վստահ է` նույնականացման քարտերով քվեարկությունը մեծ շփոթ է առաջացնելու, ինչից էլ լավագույնս օգտվելու է իշխանությունը:

Վարդինե Գրիգորյանն էլ նշեց, որ այս պահին հանրաքվեին մասնակցող ընտրողների ընդհանուր թիվը 2. 552. 243 է:

«Մինչդեռ հունվարի 1-ի դրությամբ ԱՎԾ-ի տվյալներով մշտական բնակչությունը եղել է 3. 10 հազար 600, այսինքն այս դեպքում ստացվում է, որ մշտական բնակչության 85 տոկոսը ընտրողներ են, ինչը մեր կարծիքով բավականին մեծ շեղում է, որովհետեւ եթե նայում ենք ԱՎԾ տվյալներով ընդհանուր տարիքային բաշխումներին, ապա ստացվում է, որ բնակչության 25-30 տոկոսն իրականում 18 տարեկանից ցածր էին»,-նշեց Գրիգորյանը:

Համեմատության համար բանախոսը ներկայացնում է 1991 թ տվյալները, երբ 3.5 միլիոն բնակչության պարագայում ընտրողների թիվը եղել է 2 միլիոնից փոքր ինչ ավել, եւ ընտրողների թիվը եղել է 57 տոկոս:

Մինչդեռ 2008-2012 թթ ընթացքում ընտրողների տեսակարար կշիռը 10 տոկոսվ աճել է:

«Բնակչության աճի առումով, սա, թերեւս, անհասկանալի է, որովհետեւ երբ դիտարկում ենք բնակչության բնական հավելաճը, մնացած տվյալները` 10 տոկոս աճի մասին մենք խոսել չենք կարող»,-ընդգծում է Գրիգորյանը:

«Քանի որ ես նաեւ իրազեկման ծրագրերով այցելություններ եմ կատարում մարզեր, կարող եմ փաստել, որ այնտեղ ուղղակի անտարբերություն է տիրում: Քաղաքացիներից շատերը ծանոթ չեն անգամ գործող սահմանադրությանը, որպեսզի կարողանան հարկ եղած դեպքում ասել, որ իրենց նկատմամբ կատարվող այս կամ այն քայլերը, վարչական ռեսուրսի օգտագործումը կրում են հակասահմանադրական բնույթ: Նրանք ավելի շատ դիտարկում են գործող քաղաքական պրակտիկան, քան իրենց սահմանադրորեն ունեցած իրավունքները, եւ այս իմաստով սահմանադրական փոփոխությունների այս նախագծի նրանց ընկալումը շատ թույլ է մարզերում»,-ասաց Զառա Հովհաննիսյանը:

Ըստ բանախոսի` մարզերում հիմնականում տեղ է հասնում «այո»-ի քարոզչությունը` նաեւ վարչական ռեսուրսի օգտագործմամբ, մինչդեռ «ՈՉ»-ի քարոզչությունը շատ սակավաթիվ ` մի քանի փոքր խմբերով:

 

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի քննարկումների համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30