Դեկտեմբերին ակտիվորեն կմեկնարկեն ԵՄ-Հայաստան բանակցությունները`նոր համաձայնագրի ստորագրման շուրջ, սակայն 2016-ի բյուջեում այդ ծախսերի համար առանձին տող ամրագրված չէ: Այս հարցն այսօր խորհրդարանում շարունակվող 2016 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ բարձրացրեց ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Տիկին Զոհրաբյանի հաջորդ հարցը վերաբերում էր նրան`կա՞, արդյոք, մոնիթորինգ, թե ինչ արդյունավետությամբ են ԵՄ-ի դրամաշնորհային ծրագրերն իրականացվում մեր երկրում, քանի որ դրամաշնորհներն անընդհատ նույն հասարակական կազմակերպություններին են տրվում: «Ես չեմ տեսնում, որ որոշ կազմակերպություններ, որոնք զգալի դրամաշնորհներ են ստանում, արդյունավետ աշխատում են»,-ասաց պատգամավորը:
«Քննության հո՞ չենք եկել, ես ֆինանսական ցուցանիշներ եմ ներկայացնում, դա ֆիննախի լիազորությունների մեջ չի մտնում»,- վրդովվեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
«Չեմ կարծում, որ նախատեսվելու են մեծ թվով գործուղումներ եւ միջոցառումներ, որ բյուջեում հատուկ տող ամրագրենք: Մենք վիդեոկոնֆերանսների մշակույթն ենք կիրառում»,- Նաիրա Զոհրաբյանի առաջին հարցին արձագանքեց ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այն բանից հետո, երբ չստորագրվեց Ասոցացման համաձայնագիրը, ինքը դիմել էր ԱԳՆ`հետաքրքվելով, թե որքա՞ն գումար է ծախսվել այդպես էլ չնախաստորագրված Ասոցացման համաձայնագրի նախապատրաստման համար`տարբեր գործուղումներ եւ այլն: «Բավական պատկառելի գումար է, այնպես չէ, որ միայն տեսակոնֆերանսներով ենք սահմանափակվում»,- նկատեց Նաիրա Զոհրաբյանը:
Կարդացեք նաև
Հասարակական կազմակերպությունների գործունեության մասին հարցին էլ արձագանքեց էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքումյանը. «Կիսում եմ այդ մասով բարձրացրած մտահոգությունը, բայց ոչ ֆինանսների, ոչ էկոնոմիկայի նախարարությունը ԵՄ-ի կողմից որեւէ հ/կ-ի տրամադրվող գրանտի վերահսկողություն չի իրականացնում»:
Նա ասաց նաեւ, որ դրամաշնորհ տվող կառույցներն են ընտրում, թե ո՞ր կազմակերպության հետ աշխատեն: Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ ԵՄ դեսպաններն էլ ասում են, որ այդ կազմակերպություններն իրենց հուշում են կառավարությունից, որպես լավ աշխատող հ/կ-ի. «Կարող եք եւ դուք հուշել, բայց հուշում եք մի կազմակերպության, որի աշխատանքը չի երեւում, բացի պրոտոկոլային կոնֆերանսներից: Ինչպե՞ս հասկանալ»:
Գարեգին Մելքումյանը հավաստիացրեց, որ կառավարությունը ԵՄ-ին չի հուշում, թե Հայաստանում ո՞ր հ/կ-ի հետ աշխատեն, բայց ընդունեց`ԵՄ-ի հետ այդ առումով համագործակցությունը ավելացնելու տեղ կա:
Նաիրա Զոհրաբյանը նաեւ հետաքրքրվեց`տնտեսական մասով ի՞նչ շրջանակ է ներառելու ստորագրվելիք նոր համաձայնագիրը, որպեսզի ԵԱՏՄ-ի հետ հակասություններ չլինեն. մոտավոր շրջանակը բանակցվա՞ծ է:
Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքումյանն ասաց, որ նախնական քննարկումների արդյունքում եկել են նրան, որ նախորդ փաթեթից շատ բաներ կներառվեն նոր փաստաթղթում: Որեւէ ոլորտ դուրս չի մնա, որոշ ոլորտների մասով վերաբանակցություններ կլինեն: Անդամակցելով ԵԱՏՄ-ին, ԵՄ-ի հետ ազատ առեւտուր այլեւս չի բանակցվի, այսինքն, մաքսատուրքերի զրոյացման, ազատ առեւտրի ընթացակարգերի մասին խոսք չի լինի: Առեւտրաշրջանառության խորացման մասով վերաբանակցություններ դեռ կլինեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ