Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում օրերս Գլազգոյում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում նժույգաթափում բրոնզե մեդալ նվաճած Հարություն Մերդինյանն ասաց. «Ինչ խոսք, որ գոհ եմ արդյունքից: Տարիներ շարունակ երազում էի օլիմպիական խաղերի մասնակցել, սակայն վարկանիշային առաջնություններում ինչ-որ բան չէր բավարարում: Գլազգոյում երազանքներիցս երկուսը միանգամից կատարվեց. եւ օլիմպիական ուղեգիր նվաճեցի, եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալ»:
31-ամյա մարզիկը գիտակցում է այսուհետ իր ուսերին ընկած պատասխանատվության աստիճանը եւ հավաքականի գլխավոր մարզչի հետ միասին չի թաքցնում, որ Ռիո դե Ժանեյրոյում պայքարելու է, ինչու չէ, նաեւ՝ ոսկե մեդալի համար: Մարզիկի եւ մարզչի վստահությունը հույս է ներշնչում, որ օլիմպիական խաղերում Հարությունի երրորդ երազանքն էլ կկատարվի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ