Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը եւ օրերս Գլազգոյում անցկացված աշխարհի առաջնության նժույգթափ մրցաձեւում բրոնզե մեդալ եւ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Հարություն Մերդինյանը հանդիպեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Գլխավոր մարզիչը, բնականաբար, գոհ է իր երեք սաների մրցելույթներից, առավել եւս, որ Մերդինյանի բրոնզը առաջինն էր 32 տարվա ընդմիջումից հետո: «Մենք մրցավայր մեկնեցինք խիստ անտրամադիր, քանի որ դրանից մոտ մեկ շաբաթ առաջ Արթուր Դավթյանը առողջական ինչ-որ խնդիրներ ունեցավ: Այդ ընթացքում նա չէր մարզվում, հետեւաբար, մարզավիճակ էր կորցնում: Լավ էր, որ իր մեկնարկից երկու-երեք օր առաջ նրա վիճակը որոշ չափով կարգավորվեց ու Արթուրը մասնակցեց: Բայց մենք ստիպված էինք նրա վարժությունների ծրագիրը թեթեւացնել: Արթուրը բոլոր գործիքների վրա հիմնականում հանդես եկավ գերազանց եւ 21-րդ տեղով 2016 թվականի ապրիլին Ռիոյում անցկացվելիք թեստավորման մրցումներին մասնակցելու իրավունք ստացավ: Այնտեղ օլիմպիական ուղեգիր նվաճելու Արթուրի հնարավորությունները շատ մեծ են ու ես հավատում եմ, որ նա իր առջեւ դրված խնդիրը կկատարի», – ասաց մարզիչը:
Անդրադառնալով Հարություն Մերդինյանի բրոնզե մեդալին՝ Հակոբ Սերոբյանն անկեղծորեն ասաց, որ անհատական մրցաձեւերում մեդալի մասին չէր մտածում: «Բայց տղաներն արեցին այն, ինչի ունակ են եւ իրենց միավորները արժանիորեն վաստակեցին: Հարությունը ոչ միայն բրոնզե մեդալ, այլեւ անվանական օլիմպիական վարկանիշ նվաճեց», – ասաց Հակոբ Սերոբյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ