Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Թալալյան. «Մեծ պատիվ է մասնակցել Խաչատրյանի անվան փառատոնին»

Նոյեմբեր 05,2015 15:48

Նոյեմբերի 4-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կայացավ «Արս Լունգա» դուետի (Արամ Թալալյան (թավջութակ), Ջուլիետա Վարդանյան (դաշնամուր)) մենահամերգը։

Ծրագրում հնչեցին՝ Յոզեֆ Հայդն՝ Սոնատ դո մաժոր, փոխադրումը թավջութակի և դաշնամուրի համար՝ Կառլո Ալֆրեդո Պիատտիի, Լյուդվիգ վան Բեթհովեն՝ Սոնատ դաշնամուրի և թավջութակի համար թիվ 5, Յոհաննես Բրամս՝ Սոնատ դաշնամուրի և թավջութակի համար թիվ 2։

Թավջութակահար Արամ Թալալյանը նկատում է, որ իրենց դուետը մեծ հաճույքով է մասնակցում Խաչատրյանի անվան փառատոնին. «Մեծ պատիվ է մասնակցել հայոց մեծ կոմպոզիտորի անվան փառատոնին։ Բավականին պատասխանատու ու կարևոր ելույթ է մեզ համար»։ Խոսելով Երիտասարդական նվագախմբի հետ համագործակցության մասին՝ Արամ Թալալյանը նշում է, որ իր համար հաճելի փորձ է աշխատել այս կոլեկտիվի հետ. «Երբ համատեղ նախագծեր, հրավերներ լինում են, մեծ ուրախությամբ սպասում եմ այդ օրերին»։

Դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյանը նշում է, որ բովանդակային, հագեցած մեծ ճանապարհ է անցել թավջութակահար Արամ Թալալյանի հետ։ Դաշնակահարուհին նկատում է, որ մասնակցությունը փառատոներին երաժշտի կյանքում մեծ նշանակություն ունի, քանի որ դրանք և՜ մեծ փորձ են, և՜ դրսևորվելու, կատարողական արվեստը ներկայացնելու հնարավորություն։ Նա նաև ընդգծում է, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ բազմիցս համագործակցել են տարբեր ձևաչափերում։ Նա առանձնացնում է այն էներգետիկան, որ միշտ ստանում է Երիտասարդականի երաժիշտներից, ովքեր աշխատում են սիրով ու պատասխանատու կերպով կատարում իրենց աշխատանքը։

«Արս Լունգա» դուետը հիմնադրվել է 2009թ. Երևանում թավջութակահար Արամ Թալալյանի և դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյանի կողմից։ Կոլեկտիվը բազում մենահամերգներով հանդես է եկել Հայաստանում, ԱՊՀ-ում, Հեռավոր և Մերձավոր Արևելքի, Եվրոպայի երկրներում, Իրանում։ Մասնակցել է հեղինակավոր փառատոների։ 2012-ին դուետն արժանացել է Մոսկվայի կոմպոզիտորների միության «Ոսկե մեդալ» շքանշանի։ Դուետի երկացանկն ընդգրկում է 17-18-րդ դդ. բարոկկո ժամանակաշրջանի ստեղծագործություններից մինչև դասական և ռոմանտիկ այնպիսի գործեր, ինչպիսիք են Բեթհովենի բոլոր սոնատները և վարիացիաները, Շումանի և Մենդելսոնի բոլոր ստեղծագործությունները, Բրամսի բոլոր սոնատները։

LUS_9263

2013-ին «Արս Լունգան» ավարտին է հասցրել լայնամասշտաբ ծրագիր՝ վերնագրված «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա», որն ընդգրկում է 1900-ականներից մինչ օրս հայ և սփյուռքահայ կոմպոզիտորների՝ թավջութակի և դաշնամուրի համար գրված գրեթե բոլոր ստեղծագործությունների ձայնագրությունները։ 12 ձայնասկավառակից բաղկացած շարքը ներառում է 60 ստեղծագործություն։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնահանդեսը կյանքի է կոչել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի գործընկերներն են «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, «Լուդինգ», «Ջերմուկ գրուպ» ընկերությունները, «Անի պլազան»։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30