Հայաստանը 2016-ին 24 միլիոն եվրո կստանա Եվրամիությունից`տարբեր դրամաշնորհային ծրագրերով: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը`ներկայացնելով 2016 թվականի բյուջեի նախագիծը: Այս գումարը բյուջեին ուղղակի աջակցության դրամաշնորհ է: Այսինքն, դրա ծախսումը որոշվելու է կառավարության հայեցողությամբ:
2016-ին Հայաստանում կոնկրետ ներդրումային ծրագրեր նախատեսվո՞ւմ են, մանավանդ, որ շատ է խոսվում այն մասին, որ ՀՀ-ն կարող է ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ կամուրջ դառնալ`Պավել Սաֆարյանից հետաքրքրվեց ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Փոխնախարարն ասաց, որ բացի 24 միլիոն եվրոյից, պետբյուջեի շրջանակներում այլ ծրագրեր ու գումարներ չկան: Լրացուցիչ տեղեկատվության համար նա հորդորեց հարցն ուղղել էկոնոմիկայի ոլորտի պաշտոնյաներին: Քննարկմանը ներկա ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքումյանն ասաց, որ բյուջեից դուրս այլ ծրագրեր նախատեսված չեն:
Կա՞ տեղեկատվություն ՀԿ-ներին տրամադրվելիք գումարների առումով`հետաքրքրվեց ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը: «Մենք պետական բյուջեն ենք ներկայացնում եւ ներկայացնում ենք այն տեղեկատվությունը, որն առնչվում է բյուջեի հետ: Դրանք, իհարկե, կարեւոր ու հետաքրքիր տվյալներ են, բայց դրանք բյուջեի հետ չեն առնչվում»,- ասաց Պավել Սաֆարյանը:
Հարցը շարունակեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը`հետաքրքրվելով`ԵՄ-ի կողմից ընդհանուր առմամբ`վարկային, դրամաշնորհային, մասնավոր, ինչքա՞ն գումարներ են տրամադրվում մեր երկրին: Պավել Սաֆարյանն ասաց, որ նախորդ տարվա համեմատ, մի փոքր աճ կա. չկապակցված դրամաշնորհները 2016-ին կկազմեն 13 միլիարդ 851 միլիոն դրամ: Կապակցված դրամաշնորհները`15 միլիարդ 256 միլիոն դրամ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ