Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը Կոտայքի մարզի Բուժական գյուղում հավաք էր նախատեսել, սակայն հավաքը տեղի չունեցավ:
Հիմնադիր խորհրդարանի անդամ Պավել Մանուկյանը հայտարարեց, որ գյուղում մարդ է մահացել, այդ պատճառով հավաքի մասնակիցները սակավաթիվ էին:
Սակայն նա ընդգծեց, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դեռ վերադառնալու է Բուժական եւ հաջորդ հավաքը տեղի է ունենալու Բուժականում. «Հուսով եմ, որ մոտակա օրերին մենք ավելի մեծ կազմով կհանդիպենք եւ ավելի վստահ կներկայացնենք մեր անելիքները, քանի որ այս գյուղը մեծ պոտենցիալ ունեցող, ազգային-ազատագրական պայքարի միջով անցած գյուղ է եւ ավելի մեծ ներդրումներ է ունենալու նոր Հայաստանի, անկախ Հայաստանի կերտման համար»:
Նշենք, որ Պավել Մանուկյանը հենց Բուժական գյուղից է: Նա նշեց, որ չի բացառում, որ գյուղում վախի մթնոլորտ է տիրում եւ չի բացառում, որ իրավապահների ճնշման պատճառով մարդիկ չեն եկել հավաքի:
Կարդացեք նաև
Մեզ հետ զրույցում Բուժական գյուղի գյուղապետ Կարեն Գալստյանն ասաց, որ «Նոր Հայաստան» փրկության ճակատը նախօրոք չէր զգուշացրել, որ պատրաստվում են հավաք անցկացնել, այդ իսկ պատճառով գյուղապետարանը պատրաստ չէր իր օգնությունը տրամադրել, այդ թվում՝ նաեւ էլեկտրաէներգիա:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ