ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 5-ին Մինսկում հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, ԲՀ ԱԺ եւ ՀՀ ԱԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկիի հետ:
Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է, որ Հայաստանը եւ Բելառուսը ռազմավարական գործընկերներ են, եւ երկկողմ հարաբերությունների հիմքում ընկած են բարեկամական սերտ կապերն ու փոխվստահությունը:
Կողմերը կարեւորել են միջխորհրդարանական երկխոսության զարգացման անհրաժեշտությունը, ինչին զրուցակիցների համոզմամբ՝ մեծապես նպաստում են նաեւ բարձր մակարդակի փոխայցերը եւ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքները:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ միջխորհրդարանական հանձնաժողովը բաց եւ կառուցողական երկխոսության հարթակ է: Նրա խոսքով՝ համատեղ ջանքերով հաջողվել է հայ-բելառուսական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հարցում զգալի հաջողություններ արձանագրել: Կարեւորվել է նաեւ Հայրենական մեծ պատերազմում Բրեստի ամրոցի ազատագրման համար զոհված հայ զինվորների հիշատակը հավերժացնող խաչքարի տեղադրումը Բելառուսում:
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանականները պետք է առավել սերտորեն համագործակցեն եւ սատարեն միմյանց միջազգային խորհրդարանական հարթակներում: