Այսօր ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին 2016-ի բյուջեի նախագծով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին նախատեսված հատկացումներն ու ծախսերը:
Ինչպես տեղեկացրել ենք, օմբուդսմենը՝ Կարեն Անդրեասյանը չէր եկել, իր փոխարեն բյուջեն ներկայացրեց աշխատակազմի ղեկավարը: Կարեն Անդրեասյանին պատգամավորները նման արհամարհական վերաբերմունքի համար դատափետեցին:
Բայց այդ արհամարհական վերաբերմունքը, կարելի է ասել, փոխադարձ էր:
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի անդամներն են՝ Լեռնիկ Ալեքսանյանը, Սուքիաս Ավետիսյանը, Մուրադ Գուլոյանը, Լեւոն Դոխոլյանը, Կարեն Կարապետյանը, Վահան Կարապետյանը, Խոսրով Հարությունյանը, Մելիք Մանուկյանը, Արծվիկ Մինասյանը, Հրանտ Բագրատյանը, Սամվել Նիկոյանը: Նրանցից ոչ ոք չէր եկել նիստին, ներկա էր միայն հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Կարդացեք նաև
Իսկ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի անդամներից ներկա էին միայն Ալեքսանդր Արզումանյանը, Մարգարիտ Եսայանը եւ Ռուզաննա Մուրադյանը: Իսկ Նաիրա Զոհրաբյանը եկավ միայն նիստի ավարտին:
Aravot.am-ը հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանին հարցրեց՝ Դուք դիտողություն արեցիք, որ նիստին չի եկել Կարեն Անդրեասյանը, բայց չե՞ք կարծում, որ նույն արհամարհական վերաբերմունքը կա նաեւ ԱԺ-ի կողմից: Նա պատասխանեց. «Դա, իրոք, ցավոտ հարց է: Եվ հարգելի, եւ անհարգելի պատճառներով, պատգամավորների մասնակցությունն այնքան էլ ակտիվ չի լինում: Խնդիրը բնականաբար կա: Բայց ասել, որ եթե պատգամավորները չեն գալիս հանձնաժողովի նիստին, պատգամավորները քիչ էին, դրա համար Մարդու իրավունքների պաշտպանը պետք է ներկա չլիներ նիստին, կարծում եմ, այնքան էլ արդարացի չէ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ