Լրահոս
Օրվա լրահոսը

Ընթացիկ տարի արտաքին պետական պարտքի սպասարկումը թանկ կնստի Հայաստանի վրա. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 05,2015 12:36

Հայաստանի արտաքին պետական պարտքի սպասարկումը այս տարի ընդհուպ կմոտենա 400 մլն դոլարի. նախորդ տարվա համեմատ կավելանա գրեթե 50 տոկոսով։ Միայն ավելի քան 100 միլիոն կկազմի տոկոսավճարը։

Տնտեսության եւ ֆինանսական շուկաների լարվածության հետեւանքով այս տարի կառավարությունը ստիպված եղավ վարել շատ ավելի ագրեսիվ քաղաքականություն՝ արտաքին աղբյուրներից ֆինանսական միջոցների ներգրավման առումով։ Ակնկալվում է, որ դրա հետեւանքով տարեվերջին Հայաստանի արտաքին պետական պարտքի ցուցանիշը կավելանա առնվազն եւս 700 մլն դոլարով։

Սա աճի բարձր մակարդակ է։ Նամանավանդ եթե հաշվի առնենք, որ նախորդ մի քանի տարիներին պարտքի ավելացումը դանդաղել էր։ Ավելին՝ անցած տարի նույնիսկ շուրջ 100 մլն դոլարով նվազել էր։

Կանխատեսվում է, որ տարեվերջին Հայաստանի արտաքին պետական պարտքը կհասնի 4 մլրդ 489 մլն դոլարի։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ այն կազմում է 4 մլրդ 70 մլն դոլար։

Կառավարության գնահատումներով, տարվա ընթացքում կներգրավվի 894 մլն դոլար, որից շուրջ 488 միլիոնը՝ արտարժութային պարտատոմսերի տեղաբաշխումից։ Այն տարեսկզբին արդեն ստացվել է։ 123 մլն դոլարով աճ է սպասվում նաեւ Կենտրոնական բանկի պարտավորությունների գծով։ Այնպես որ արտաքին աղբյուրներից ներգրաված միջոցների ընդհանուր գումարը տարեվերջին կգերազանցի 1 մլրդ դոլարը։

Ընդ որում՝ պարտքի զուտ աճը ավելի փոքր կլինի։ Ֆինանսական միջոցների ներգրավումից բացի կիրականացվի նաեւ պարտքի մարում։ Միայն մայր գումարի գծով սպասարկումը կկազմի 287 մլն դոլար։ Նույնիսկ առանց տոկոսավճարների այն ավելին կլինի անցած տարվանից։

Ընթացիկ տարի արտաքին պետական պարտքի սպասարկումը թանկ կնստի Հայաստանի վրա։ Թեեւ որպես այդպիսին, այն աննախադեպ չի լինի։ Արտաքին աղբյուրներից ներգրաված միջոցների դիմաց կատարվող վճարումները կհասնեն պարտքի գրեթե 9 տոկոսին։

Ընդհանուր առմամբ սպասվում է, որ այս տարի արտաքին պարտքի գծով կատարվող մարումները կկազմեն առնվազն 393 մլն դոլար, որ զգալիորեն ավել է նախորդ տարվանից։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30