Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մուկուչյան. «Համացանցում կարող եք գտնել տեղեկատվություն, թե ինչպես թանաքանյութը հեռացնել ձեռքից». «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 05,2015 12:25

Հարցազրույց ԿԸՀ նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ հետ

  – Ընդդիմությունը շարունակում է պնդել, եթե ID քարտը հնարավոր չէ դրոշմակնքել, ապա գոնե պետք է դակել:

– Երբ խոսում ենք ընտրական գործընթացներում ինչ-որ տեխնիկական միջոց ներդնելու մասին, պետք է լիարժեք պատկերացնել ու գնահատել բոլոր հնարավոր ռիսկերը: Եթե հանկարծ ներդրված միջոցը քվեարկության ընթացքում ինչ-ինչ պատճառներով, թեկուզ 5 րոպեով, խափանվի, ու չլինի այլընտրանքային լուծում, ապա դա կարող է առաջացնել ավելի մեծ անվստահություն: Բոլորի համար պարզ է, որ ID քարտն ունի այլ կառուցվածք, դրա վրա դրոշմակնիք հնարավոր չէ դնել, որովհետեւ ձեռքով հնարավոր կլինի դա մաքրել: Այսինքն՝ դրոշմակնքման մեխանիզմը դուրս է գալիս:

Դառնամ մյուսին. ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել` ի՞նչ է նշանակում դակել պլաստիկ քարտը: Նման առաջարկ անելիս նախ պետք է հասկանալ` կա՞ն նման սարքեր: Կարելի է ամեն ինչի մասին մտածել, խոսել, բայց այլ բան է ասվածն իրականացնելը: Եթե որոշենք մտցնել դակելու մեխանիզմը, իսկ հետո պարզվի, որ դա հնարավոր չէ իրականացնել, պարզ չէ՞, որ դա կդառնա անվստահության ավելի մեծ գործիք:

  -Իսկ ի՞նչ կասեք մատը թանաքոտելու առաջարկի մասին, ինչի շուրջ, ի դեպ, անգամ մասնատված ընդդիմադիրները կոնսոլիադացան, ասում են՝ դա կնպաստի վստահության մեծացմանը, ուրեմն հանուն դրա կարելի է մի քիչ էլ թանաքոտվել:

-Մենք ուսումնասիրել ենք մի շարք երկրների փորձը, նաեւ խնդրեցինք ու Վրաստանից ստացանք թանաքանյութի այն նմուշը, որ կիրառել էին իրենց ընտրությունների ժամանակ. դա տեղական արտադրանք չէր, վրացիները ձեռք էին բերել արտերկրից:

Սակայն այդ նյութի կիրառումը պարզեց երկու բան. նախ այն, որ կենցաղային շփման ժամանակ թանաքանյութն անցնում է ձեռքից ձեռք, այսինքն՝ քվեարկություն կատարած մարդը, երբ հետո բարեւում էր մեկ ուրիշին` դեռ քվեարկությունը չկատարած քաղաքացու, իր թանաքանյութը փոխանցում է նրան:

Երկրորդ՝ համացանցում կարող եք գտնել տեղեկատվություն, թե ինչպես թանաքանյութը հեռացնել ձեռքից. նշվում են կենցաղային տարբեր նյութեր, անգամ սովորական ձեթը:

Այստեղ մի բան հիշեցնեմ, երբ մենք անցած ընտրությունների ժամանակ անձնագրերում կիրառեցինք դրոշմակնքումը, համացանցում տարածվեց մի տեսանյութ, թե ինչպես մարդը նստած թաց անձեռոցիկով իր անձնագրի էջից մաքրում էր դրոշմակնիքն ու դատողություններ անում, թե տեսեք՝ որքան հեշտությամբ հնարավոր է կնիքը հեռացնել անձնագրից, ուրեմն կրկնաքվեարկությունը դրանով չի կանխվում:

Հիմա մենք արդեն այդ փորձը ունենք. եթե մարդն իր սեփական անձնագրի հետ կարող է նման կերպ վարվել, պարզ է, որ շատ հեշտությամբ կարող է թանաքոտ ձեռքը լվանալ տարբեր նյութերով ու հայտարարել, թե դա չի կարող կանխել կրկնաընտրությունը, որովհետեւ հեշտությամբ մաքրվում է: Ուրեմն ինչպե՞ս կարող է այս մեթոդը նպաստել վստահության բարձրացմանը: Կարծում եմ, դա հակառակ էֆեկտը կունենա:

Եվ հետո, մեր ուսումնասիրած երկրներից եւ ոչ մեկում մեզ չհաջողվեց գտնել մի պարզ հարցի պատասխան. եթե թանաքանյութը կենցաղային շփումներով մեկից փոխանցվում է մյուսին, այն անձին, որը դեռ ընտրության չի մասնակցել, ի՞նչ անել՝ թույլ տա՞լ նրան մասնակցել քվեարկության, թե՞ ոչ:

Ես ինքս դժվարանում եմ տալ այս հարցի պատասխանը: Իսկ եթե մենք այս կարեւոր հարցում չունենանք հստակ պատասխան, ուրեմն ինչպե՞ս վարվեն 16 000 հանձնաժողովականները: Դա անպայման կհանգեցնի մի նոր խառնաշփոթի:

Գիտեք, երբեմն թվում է, թե կա, գտնվել է միջոցը, բայց պարզվում է, որ իրականում այն ծնում է նորանոր հարցադրումներ, խնդիրներ: Եթե մատի թանաքոտման մեխանիզմը կիրառելու ենք վստահություն բարձրացնելու համար, բայց քվեարկության օրը դրա կիրառումից կունենանք ձախողում, կստացվի, որ վստահության բարձրացմանը միտված գործիքը միանշանակորեն դարձավ շահարկումների առարկա:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30