Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Դանիելյան. «Սահմանադրական ձևակերպումները չէ, որ կանխում կամ խթանում են կամայականությունները». «168 ժամ»

Նոյեմբեր 05,2015 12:07

Հատված Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանի հետ հարցազրույցից:

– Փաստաբանների կողմից մտահոգություն է հնչել Սահմանադրությունում ամրագրվող կարգավորման վերաբերյալ, որը վերաբերում է ցուցմունք տալու պարտականություն չունենալուն։ ՀՀ գործող Սահմանադրության համաձայն՝ «ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ»։ Սահմանադրության փոփոխությունների նախագծում սահմանվում է, որ «ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ»։ Ինչո՞ւ ընտրվեց այս կարգավորումը՝ հաշվի առնելով այն մտահոգությունները, որ այս ձևակերպումը կամայականությունների տեղիք կարող է տալ։

– Լինելով պրակտիկ աշխատանքի մեծ փորձ ունեցող մարդ՝ երբեք կողմնակից չեմ տեսակետին, թե սահմանադրական ձևակերպումներն են կանխում կամ խթանում կամայականությունները։ Մշակույթը, իրավակիրառ պրակտիկան այս ձևակերպումների հենքով չեն ձևավորվում, այլ ձևավորվում են նաև մեկնաբանություններով, այդ թվում՝ Սահմանադրական, վճռաբեկ դատարանների՝ նախադեպային նշանակություն ունեցող ակտերով:

Մենք ընդամենը ձևակերպել ենք այն, ինչ կա միջազգային պայմանագրերով գոնե այս ուղղությամբ։ Այսինքն՝ սրանք համահունչ են միջազգային իրավունքի չափանիշներին։ Ակնկալել, որ, եթե մի փոքր ավելի հետևողական, խիստ լինեինք, կունենայինք ակնկալելի իրավակիրառ պրակտիկա, կարծում եմ՝ այդքան էլ ճիշտ չէ։ Սա՝ մեկ։

Երկրորդը՝ ընդունենք՝ կարող են չարաշահումներ լինել, ի՞նչ հարթության վրա՝ օրենսդրությա՞ն, կարծում եմ՝ ոչ։ Օրենսդրության հարթության վրա չեն լինի, որովհետև դուք, միևնույն է, պետք է սահմանափակվեք միջազգային պայմանագրերի չափանիշներով, չեք կարող գերազանցել, նոր սահմանափակումներ նախատեսել և պետք է հիմք ընդունեք միջազգային իրավակիրառ պրակտիկան։

Հիմա եթե մեզ համար չափանիշներ արդեն կան, և գործող օրենսդրությամբ դրանք կոնկրետացվելու են, իրավակիրառ պրակտիկան պետք է գնա սրա շրջանակներում։ Հետևաբար այն մարմինները, որոնք մինչդատական վարույթի նկատմամբ պետք է հսկողություն իրականացնեն, պետք է փորձեն այդ չափանիշներով ձևավորել միջազգային չափանիշներին առավել համահունչ իրավակիրառ պրակտիկա։ Ինքը՝ Սահմանադրությունը, տեղ չի թողնում դրա համար։ Մեր մոտեցումը սա է:

Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30