Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Խաչատրյան. «Ընդհանրապես բիզնեսը պետք է բողոքի». «168 ժամ»

Նոյեմբեր 05,2015 11:59

Հատված ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հարցազրույցից:

– Դժգոհում են նաև այն փոփոխությունից, որ ՀԴՄ կտրոններն այլևս որպես ծախս չեն ընդունվելու։

– Բայց ո՞վ է նման բան ասում, մենք չենք լսել նման բան։ Ընդհանրապես բիզնեսը պետք է բողոքի, երբ որ Հարկայինից չբողոքի, իմացեք, որ հարկային մարմինը լավ չի աշխատում։ Կարևորն այն է, թե այդ բողոքի իմաստը, բուն էությունն ի՞նչ է, տրամաբանակա՞ն է, ճի՞շտ է, թե՞ սխալ։ Տնտեսվարողն ասում է՝ ինձ տվեք լայն իրավունքներ, բայց ինքն իր պարտականությունները չկատարի, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի։ Մենք պետք է կարգը պահենք։

Այս վերջին տարիների փոփոխություններն ինչի՞ համար են։ Նրա համար են, որ տնտեսվարողն ազատ աշխատի, խոչընդոտներ չլինեն։ Հիմա մեր գանգատարկումների հանձնաժողովում, դատարաններում Դուք մի հատ լուրջ բողոք լսած կա՞ք, որտեղ հարկային կամ մաքսային մարմիններն օրենքին հակասող գործողություններ են արել։ Մենք բոլոր դաշտերը ստեղծել ենք, որ տնտեսվարողները կարողանան իրենց շահերը պաշտպանել։ Մեր գանգատարկումների հանձնաժողովում հարցերի 70-80%-ն ի օգուտ բիզնեսի է լուծվում։

– Դա չի՞ նշանակում, որ բողոքներն արդարացի են։

– Եթե արդարացի է, և մեզ մոտ իրենք չեն կարողանում բավարարված լինել, դրա համար կան դատական ատյաններ, բայց բողոքների այն շղթան, որը վերաբերում է լրացուցիչ արտոնություններ ձեռք բերելուն, ես կարծում եմ, որ ճիշտ չի մեր երկրի համար, առավել ևս՝ նման վիճակում։

– Բիզնեսի մշտական բողոքներից մեկն էլ այն է, որ անկախ նրանից՝ օրենքները լա՞վն են, թե՞ վատն են, հարկային տեսուչները մնում են նույնը ու նույն վարքագիծն են դրսևորում։ Գործարարները նրանց անվանում են «տեռորիստի հոգեբանությամբ տեսուչներ»։

– Մնում են նո՞ւյնը. Դուք գիտե՞ք, թե որքան փոփոխություններ են կատարվում։ Հիմա գանք նրան, թե մենք ինչ ենք անում։ Մեզ մոտ ամբողջ որակավորման գործընթացը երևի թե միակն է, որ ամբողջն էլեկտրոնային է։ Հիմա որակավորման ու ատեստավորման ժամանակ հարկային տեսուչն ինքը գրավորը գրում է, եւ էլեկտրոնային համակարգն իրեն պատասխանում է: Նույնն ընդունելություններն են, մենք չենք կարող մեկ օրում ամբողջ համակարգը վերաձևակերպել, վերադասավորել, բայց այս տարիների ընթացքում, Դուք եթե ուշադիր նայեք, մենք ունեինք 57 հարկային տեսչություն ՀՀ-ում, հիմա ունենք 21-ը։ Պատկերացնո՞ւմ եք։

5 տարվա օպտիմալացման ծրագիր ունենք, օպտիմալացրեցինք, դրա մեջ 200-ից ավելի բաժիններ լուծարեցինք, բազմաթիվ հարկային տեսուչներ դուրս մնացին համակարգից, ու այդ գործընթացը շարունակում ենք, օպտիմալացնում ենք, բաժինները կրճատում ենք, ավելորդ փաստաթղթաշրջանառությունը դուրս ենք բերել։

Եվ հիմա մեր երկրի հարկային ու մաքսային մարմինների համակարգը լավագույններից է, և եվրոպական ու տարածաշրջանային երկրները գալիս են մեզ մոտ և ցանկություն ունեն իրենց մոտ ներդնելու։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30