ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում այսօր քննարկվեցին 2016-ի բյուջեի նախագծով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հատկացումներն ու ծախսերը:
Օմբուդսմենի աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանը նշեց, որ ինչքան գումար ուզել են, այդքան էլ բյուջեի նախագծով նախատեսվել է, եւ անհամաձայնություն կառավարության հետ որեւէ հոդվածի վերաբերյալ չի առաջացել:
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նրանից հետաքրքրվեց, թե օմբուդսմենն ի՞նչ է պատրաստվում անել կալանավորների վաղաժամկետ ազատման խնդրի վերաբերյալ. «Միայն անցյալ շաբաթվա ընթացքում 13 նամակ ենք ստացել՝ վաղաժամկետ ազատման չարաբաստիկ հանձնաժողովի համար: Չե՞ք կարծում, որ հանձնաժողովը կամ պիտի լուծարվի,կամ չպիտի գնա կալանավայրեր՝ մարդկանց հույս տալու եւ գիր ու ղուշի տարբերակով որոշի՝ որը մերժել, որը բավարարել: Որեւէ տրամաբանական մոտիվացիա կարծես թե չկա»:
Տիգրան Արեյանը պատասխանեց. «Երեկ Մարդու իրավունքների պաշտպանը գտնվել է քրեակատարողական հիմնարկում եւ հանդիպումներ է ունեցել դատապարտյալների հետ, դրա վերաբերյալ ինքը առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա»:
Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Շատ հաճելի է, որ պաշտպանը հայտարարությամբ հանդես կգա առաջիկայում, բայց մենք այդպիսի հայտարարություններ ամեն օր անում ենք: Չե՞նք կարող օմբուդսմենի ինստիտուտը օգտագործելով, ԱԺ-ի լիազորություններով հրավիրենք այդ հանձնաժողովի անդամներին համատեղ նիստի, մեր ինտելեկտը չի բավարարում հասկանալ՝ այդ ինչպե՞ս են իրենք անում, որ համատարած դժգոհում են այդ հանձնաժողովի աշխատանքից»:
ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ Պավել Սաֆարյանին հորդորեց ավելի մեծ ուշադրություն հատկացնել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ