Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո նկատելի անկում արձանագրվեց տարբեր ապրանքատեսակների, այդ թվում եւ ձկան արտահանման ցուցանիշներում։ Սա փաստում է նաեւ պաշտոնական վիճակագրությունը։
Հատկապես վերջին ամիսներին ձկան արտահանման հետ կապված խնդիրների արդյունքում արտադրանքի ամբողջ խմբաքանակը կենտրոնացվել է տեղական շուկայում՝ առաջացնելով գերավելցուկ։
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից արտահանվել է 1 հազար 439 տոննա ձուկ, արտադրվել է 7 հազար 266 տոննա։ Այդ ժամանակահատվածում ձկան միջին գինը կազմել է 2200 դրամ։
Նույն ԱՎԾ-ի տվյալներով՝ 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից արտահանվել է 1 հազար 636 տոննա, իսկ արտադրվել է 8 հազար 892 տոննա ձուկ։ Այս շրջանում ձուկն ունեցել է 2400 դրամ միջին գին։ Թեեւ տարեցտարի ավելանում են ձկնարտադրության ծավալները, սակայն սրան զուգահեռ նվազում է արտահանումը։
Կարդացեք նաև
«Ժողովուրդ»-ը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ 2015 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից արտահանվել է 1 հազար 207 տոննա ձուկ, մինչդեռ արտադրվել է տասն անգամ ավել՝ 11 հազար 217 տոննա։ Իսկ այս տարվա 9 ամիսների ընթացքում ձկան մանրածախ միջին գինը կազմել է 2013 դրամ։
Այն, որ ՀՀ կառավարությունը ձկնաբուծությանը զարկ տալու համար մեծ վնասներ հասցրեց բնապահպանությանը, վաղուց հայտնի փաստ է։ Դրա արդյունքում մասնավորապես Արարատյան դաշտավայրի հարյուրավոր հեկտարներով բերրի հողեր այսօր անջրդի են եւ դարձել են անպիտան։ Պետությունը գյուղատնտեսության այդ ճյուղը զարգացրեց՝ հաշվի առնելով նաեւ արտահանման հեռանկարը, սակայն ԵՏՄ-ին անդամակցելուց հետո այս հարցում ոչ միայն առաջընթաց չկա, այլեւ առկա է ակնհայտ հետընթաց։ Ինչն էլ ոլորտի համար անդառնալի հետեւանքներ է ունենում։ Եթե այսպես շարունակվի, ապա ձկնարտադրությամբ զբաղվող տնտեսությունները ստիպված կլինեն մեկը մյուսի հետեւից փակվել։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում