Լրահոս
Օրվա լրահոսը

Անհնա՞ր է, որ 54,4 տոկոսը կողմ լինի Ռուսաստանի գուբերնիայի կարգավիճակին «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 05,2015 11:17

1991 թվականին Անկախության հանրաքվեին մասնակցեց 2 միլիոն 57 հազար մարդ։ Մասնակիցներից 2 միլիոն 42 հազար 617 ընտրող «Այո» ասաց Հայաստանի անկախությանը։ Տասը հազարը՝ «Ոչ»։

Այս թվերն այսօր արտասանելը հաճելի է ոչ այնքան շեշտելու համար, որ մեր հայրենակիցները ոչ այնքան հեռավոր 1991-ին գրեթե ամբողջ կազմով կողմ էին մեր երկրի անկախությանը։ Այս թիվն արտասանելը պարզապես հաճելի է, քանի որ հնարավորություն է տալիս գիտակցել, որ 24 տարի առաջ Հայաստանում միայն այդքան մարդ ուներ ընտրելու իրավունք։

Նոյեմբերի 3-ին «Gallup International» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակեց իր հարցման արդյունքները (հարցմանը մասնակցել էր 1105 հոգի): Ըստ այդմ՝ հարցվածների 54,4 տոկոսը կողմ էր Հայաստանի՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալուն։ Արժանին մատուցենք 29,9 տոկոսին, որոնք կողմ էին անկախ Հայաստանին։ Սոցցանցում աղմուկ բարձրացավ, թե սա կեղծ տվյալ է, անհնար է, որ 54,4 տոկոսը կողմ լինի Ռուսաստանի գուբերնիայի կարգավիճակին։ Բայց արդյոք հարցման արդյունքը չի՞ ներկայացնում մեր իրականությունը։

Այն, որ 24 տարի առաջ 2 միլիոնից ավելի մարդ կողմ էր Հայաստանի անկախությանը, խոշոր առումով, ոչինչ չասող ինֆորմացիա է։ Անկախությունը մենք ոչ թե նվաճեցինք, այլ այն ուղղակի ընկավ մեր գլխին, փլուզվեց Խորհրդային Միությունն, ու Հայաստանն ավտոմատ դարձավ անկախ երկիր, ինչպես ԽՍՀՄ մյուս բոլոր հանրապետությունները։ Եվ գուցե անկախությանը «այո» ասած մեր շատ քաղաքացիներ էլ չափազանց ինքնաբերաբար, առանց երկար մտածելու էին ասել այդ «Այո»-ն՝ հակառակ դեպքում այսօր Հայաստանը դեմոգրաֆիկ աղետի առաջ չէր հայտնվի։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2008– ին Հայաստանից արտագաղթել է ավելի քան 23 00, 2009-ին՝ 25 000, 2010-ին՝ մոտ 47 000, 2011-ին՝ մոտ 44 000, 2012-ին՝ մոտ 43 000, 2013-ին՝ 31 000, 2014-ին՝ մոտ 47 000 ՀՀ քաղաքացի։

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2015 թ. հունվարի 1-ի դրությամբ՝ Հայաստանում մշտապես բնակվում է 3.010.600 մարդ։ Ընդ որում՝ այս թիվը ստացվել է՝ հիմք ընդունելով 2011 թ. մարդահամարի արդյունքները։ Համաձա՞յն եք, որ 1991-ից ի վեր Հայաստանից արտագաղթած 1 միլիոնից ավելի քաղաքացիները եւ նրանք, որոնք արտագաղթելու են, նույն այն հայերն են, որոնք 1991-ին անկախությանն ասել են «Այո»։ Ստացվում է, որ այդ «Այո»-ն նշանակում է՝ «Դեմ չենք, որ Հայաստանը լինի անկախ, բայց միայն թե՝ առանց մեզ»։ Ի վերջո, բոլորս ենք հասկանում, որ պետությունների անկախությունը խորհրդանշական, ավելի շուտ՝ բարոյական կարգավիճակ է. մոլորակի վրա բացարձակ անկախ պետություն չկա, բոլորը կապված են քաղաքական, տնտեսական կապերով։ Երկրի անկախության ցուցիչը այդ երկրի՝ իրեն անկախ զգացող քաղաքացիներն են՝ օրենքի առաջ հավասար, մեկնարկային նույն պայմաններով։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30