Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի դիվանագիտությունը սպասելն է, բայց ինչի՞ն են սպասում

Նոյեմբեր 05,2015 15:30

Ըստ ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի` «անվերջ միջնորդներին ասելով` նայեք, Բաքուն է սադրանքների դիմում, Հայաստանը ոչինչ չի շահի, պետք է փոխել մարտավարությունը»…

– Օրեր առաջ տարածաշրջան այցելեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանց մասնակցությամբ անցկացվող դիտարկման ժամանակ շփման գծում կրակոցներ հնչեցին, իսկ տարածաշրջանային այցը ամփոփող հայտարարությունը Հայաստանի իշխանական դաշտը միանշանակ չընդունեց` համարելով, որ հավասարության նշան է դրվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, մասնավորապես, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշել էր. «Միջնորդների կողմից զինադադարի խախտողին բացահայտելու անհնարինության մասին հայտարարությունները խրախուսում են խախտողի կողմից նոր սադրանքների իրականացումը»: Պարոն Մինասյան, այս մթնոլորտում մինչեւ տարվա վերջ Սարգսյան-Ալիեւ հանդիպման կազմակերպումը որքանո՞վ կարող է արդյունավետ լինել:

– Համանախագահների տարածաշրջանային այցելությունը երկու նպատակ ուներ: Առաջինը` ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպեն: Միջնորդների երկրորդ նպատակը` ստեղծել վստահության մթնոլորտ, որպեսզի առաջիկա բանակցություններում բովանդակություն լինի: Քանի որ առաջին նպատակը հաջողվել է` Սարգսյանն ու Ալիեւը համաձայնություն են տվել հանդիպել մինչեւ տարեվերջ, այդ պատճառով համանախագահների հայտարարությունը չեզոք էր արձանագրված կրակոցների միջադեպի առումով: Համանախագահների համար հիմա կարեւորը նախագահների մակարդակով հանդիպման անցկացումն է, եւ քանի դրա վերաբերյալ կարողացել են համաձայնություն ձեռք բերել` այլ մանրամասների մասին գերադասել են չխոսել: Բայց դա չի նշանակում, որ համանախագահները չգիտեն, թե որտեղից են կրակոցները, նրանք պարզապես չեն ցանկանում խանգարել բանակցային գործընթացին, չեն ուզում ձախողել տարեվերջին կայանալիք հանդիպումը: ԵԱՀԿ ՄԽ-ն ամեն ինչ անում է, որպեսզի բանակցությունները պահպանվեն, Սարգսյանն ու Ալիեւը հաճախ հանդիպեն, եւ այդ առումով նրանք ճիշտ են. որքան շատ լինեն հանդիպումները, այնքան լավ: Մի փաստ էր ուշագրավ, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ուորլիքը Հայաստանում մամլո ասուլիս հրավիրեց միայնակ, կուզենայի իմանալ, թե ինչո՞ւ Ադրբեջանում մամլո ասուլիս չանցկացրեց դարձյալ միայնակ: Ինչո՞ւ, եթե նրանց համար կարեւորը հավասարակշռություն պահպանելն է:

– Կա՞ երաշխիք, որ եթե Սարգսյանն ու Ալիեւը հանդիպեն, Ադրբեջանի իշխանությունները զերծ կմնան հայ-ադրբեջանական սահմանը, շփման գիծը լարված պահելու իրենց քաղաքականությունից: Ի վերջո, ռազմական գործողությունների սպառնալիքի այդ լծակի վրա միջազգային հանրությունը չի՞ կարող ազդել:

– ԵԱՀԿ ՄԽ որոշումները ոչ պարտադիր են: Դա գիտեն թե՛ Սարգսյանը, թե՛ Ալիեւը: Ադրբեջանը գիտի, որ Եվրոպան նավթի ու գազի կարիք ունի: ԵԱՀԿ ՄԽ-ն չի ցանկանում ասել` Ադրբեջանն է մեղավոր, կամ` Հայաստանն է մեղավոր: Բայց ԵԱՀԿ ՄԽ-ի առկայությունը կարեւոր է առավելապես Հայաստանի համար, մինչդեռ Ադրբեջանը կամ ցանկանում է փոխել ձեւաչափը, կամ առհասարակ տապալել բանակցային գործընթացը: Հայաստանն այլ ճանապարհ չունի, եւ այս առումով Հայաստանի կողմից դա դիվանագիտություն չէ: Անվերջ համանախագահող երկրներին ասելով` նայեք, Բաքուն է սադրանքների դիմում, դիվերսիոն գործողություններ իրականացնում, Հայաստանը ոչինչ չի շահի, պետք է փոխել մարտավարությունը:

– Օրինակ` ինչպիսի՞ քայլերի կարող է դիմել Հայաստանը:

– Ըստ իս՝ Հայաստանն իր կեցվածքը նախ պետք է ճշտի, թե ինչ է ի վերջո ցանկանում` խաղաղությո՞ւն, պայմանագիր Ադրբեջանի հե՞տ, թե՞ ներկա իրավիճակի շարունակականություն: Այսպես շարունակելը նշանակում է, որ երկու կողմերն էլ խաղաղություն չեն ցանկանում, միայն ժամանակ են շահում: Եթե խաղաղության հաստատումն է առաջնահերթությունը, ապա Հայաստանը պետք է հանձնի իր լիազորությունները Ղարաբաղի իշխանություններին, ինչպես ՄԱԿ ԱԽ-ի 4 բանաձեւերում են նշվում եւ վերջ: Հայաստանը պետք է իր ազդեցությունը տարածի ԼՂ իշխանությունների վրա: Հայաստանն իրավունք ունի ասելու, որ պատասխանատվությունը հանձնում է ԼՂ իշխանություններին: Բայց գիտենք, թե ինչ կհետեւի դրան` Ադրբեջանը կհայտարարի, որ դուրս է գալիս բանակցային գործընթացից: Սա գիտի Հայաստանը:

Ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանը

Ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանը

Այսինքն՝ ղարաբաղյան լուծումը Հայաստանի ու Ադրբեջանի ձեռքում չէ, դա միջազգային հանրության դաշտում է` կամ անկախության ճանաչում, որը կծառայի Ռուսաստանի շահերին, կամ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միացում, որը կծառայի Արեւմուտքի շահերին: Հայաստանը պետք է ճշտի իր քաղաքականությունը: Հայաստանի կողմից վարվող դիվանագիտությունը սպասելն է: Սպասում են, բայց ինչի՞ն են սպասում: Սա քաղաքականություն, դիվանագիտություն ու ռազմավարություն չի:

Հաղթեցինք պատերազմում, այսօր սահմանին բանակն է, որ պաշտպանում է մեր անվտանգությունն ու արժանապատվությունը, բայց պարզ չէ, թե ինչ է Հայաստանի դիվանագիտության ուզածը: Եթե այսպես շարունակենք սպասել` կպարտվենք: Ի՞նչ է արվում Ղարաբաղի միջազգային ճանաչման համար… Կարծում եմ՝ պետք է ուղղակի հայտարարել Հայաստանին Ղարաբաղի միացման մասին: Մենք այսօր վճարում ենք Հայաստանի անկախության առաջին տարիներին արված գլխավոր սխալների համար: Հայաստանի իշխող վերնախավերն են պատասխանատու: 1994թ. մայիսին զինադադարի մասին համաձայնագիրը կնքեցին Ղարաբաղը, Ադրբեջանն ու Հայաստանը: Ուրեմն նշանակում է, որ ուղղակի ձեւով Ադրբեջանը ճանաչել էր Ղարաբաղը որպես ինքնավար իշխանություն, ինչու չէ` իբրեւ անկախ իշխանություն: Ի՞նչ եղավ հետո… Մենք ծառայեցինք Ռուսաստանի շահերին: Մինչդեռ, եթե միայն Հայաստանի շահը գերիշխեր` վաղուց Ղարաբաղը միացած կլիներ Հայաստանին: Այդ ժամանակ Ադրբեջանը ծնկի էր իջած, Ռուսաստանը թույլ էր, կարող էինք հայկական կողմի շահերին համահունչ որոշում ունենալ, բայց չունեցանք: Դրա համար հիմա ենք վճարում:

Հիմա բանակցությունների մեջ ենք, չգիտենք` ինչի ենք ձգտում, բայց շարունակում ենք բանակցությունների մասնակցել, որովհետեւ այլ ճանապարհ չկա, լավ է, որ բանակցությունները շարունակվում են, բայց Ադրբեջանի դիրքերն այսօր ավելի են ամրացել, քան 20 տարի առաջ, նույնն էլ Ռուսաստանի դեպքում, հիմա ավելի հզոր է ազդեցության տեսանկյունից, քան 20 տարի առաջ: Ուզում եմ ասել, որ Ձեր հարցը պետք է ուղղեք Հայաստանի իշխանություններին, եւ ոչ միայն այսօրվա իշխանությանը, բոլորին` Լեւոնին, Ռոբերտին, Սերժին:

– Անցյալ շաբաթվա վերջին Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Թբիլիսիում էր: Կոնկրետ պայմանավորվածությունների մասին տեղեկություն չկա, բայց տեւական ժամանակ Թեհրանի կողմից ասվում է, որ նրանք հավանական են համարում իրանական գազի տարանցումը դեպի Եվրոպա: ԵՏՄ-ին անդամակցող Հայաստանի իշխանություններին կհաջողվի՞ համաձայնություն ձեռք բերել Թբիլիսիի հետ, եւ արդյոք ՌԴ-ն կհամաձայնի՞ նման ծրագրին:

– Այս պահին որեւէ տեղեկություն չկա, բայց եթե այդ նպատակով է Սերժ Սարգսյանը մեկնել Թբիլիսի` դա շատ դրական է, հուսանք, որ այդպես է, որովհետեւ եթե այդ այցի նպատակն իսկապես նշյալ ծրագիրն է, ապա պետք է սպասել Վրաստանի որոշմանը:
Կհամաձայնի՞ արդյոք Ռուսաստանը նման նախաձեռնությանը՝ նույնպես հայտնի չէ: Կարեւոր գործոն է այդ հարցում Իրանը: Վերջին շրջանում հնչող նախաձեռնությունները բացառապես Թեհրանի, Թբիլիսիի ու Երեւանի ցանկությունները չեն, այլ նաեւ Չինաստանի հետաքրքրություններն են, իսկ ռուսական կողմը հազիվ թե ցանկանա խանգարել Չինաստանի ծրագրերին: Հաջորդը՝ Իրանից մինչեւ Եվրոպա նոր ուղիների մասին խոսելիս պետք է հաշվի առնել նաեւ ռուս-վրացական հարաբերությունների հարցը: Այսինքն` 3 խնդիր կա. Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համաձայնության ձեռք բերումը, հաջորդը` Չինաստան-Ռուսաստան պայմանավորվածությունը եւ երրորդը` Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հնարավոր համաձայնությունը: Այսինքն` բոլոր տարբերակների մեջ Ռուսաստանի որոշիչ դերն է, իսկ թե ինչ է ցանկանում ՌԴ-ն՝ պարզ չէ:

– Սիրիական ճգնաժամում Ռուսաստանի ուղղակի մասնակցությունը որքանո՞վ կարելի է սպառնալիք համարել ԱՊՀ-ի եւ մեր տարածաշրջանի անվտանգության համար: Վերջին օրերին ռուս պաշտոնյաների կողմից ԱՊՀ սահմաններն ամրացնելու մասին հայտարարություններ հնչեցին: Մյուս կողմից՝ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, ինչպիսի՞ կեցվածք պետք է որդեգրենք` հաշվի առնելով նաեւ Սիրիայում հայկական սփյուռքի գործոնը:

– Հայաստանը երեք պատերազմների խաչմերուկի մեջտեղում է` Ուկրաինայի, Սիրիայի եւ Աֆղանստանի: Ռուսաստանը «Իսլամական պետության» կողմից սպառնալիքի տակ է, այո՛, բայց չեմ կարծում, որ Հայաստանը ներկա պահին նման վտանգի առջեւ է: Մյուս կողմից՝ արդյոք Ռուսաստանը չի՞ չափազանցում «Իսլամական պետության» գործոնը: ՌԴ-ն նպատակ ունի տարածաշրջանում իր ազդեցությունն ամրացնել, եւ քանի որ շատ միջոցներ չունի նախկին Խորհրդային Միության հանրապետություններին վերադարձնելու` գերագնահատում է «Իսլամական պետության» գործոնը, որպեսզի տարածաշրջանի երկրները որոշակի սպառնալիքներ, վտանգներ զգան եւ Ռուսաստանին դիտարկեն որպես անվտանգության երաշխավորի:

Ինչ վերաբերում է Հայաստանի պահվածքին Սիրիայի հարցում, ապա արդեն ուշ է, ավելի վաղ պետք էր մտածել այդ մասին: Սփյուռքի նախարարություն ունենալու անհրաժեշտություն չկար, անիմաստ կառույց է, կարելի էր բացառապես դեպի Հայաստան վերադարձողների հարցերով զբաղվող ազգային գործակալություն, վարչություն ունենալ տարբեր երկրներում, որոնք իսկապես կզբաղվեին դեպի Հայաստան ու Արցախ հայերին վերադարձնելու գործով: Սակայն կա Սփյուռքի նախարարություն, որով սփյուռքում ընդամենը հույս է ստեղծվել, բայց որեւէ արդյունք չկա:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Ծնգլահան արիք ղարաբաղյան հարցով: Չէ, չէ` ՀԻՄՆԱՀԱՐՑՈՎ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30