Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սա օրիորդաց վարժարան չէ, որ նեղացած դեմարշներ հրավիրեն». Ալ. Արզումանյանը՝ Կարեն Անդրեասյանին

Նոյեմբեր 05,2015 11:10

Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են 2016-ի բյուջեի նախագծի քննարկումները: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց  Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին նախատեսված հատկացումները եւ ծախսերը:

2016-ի համար նախատեսվել է օմբուդսմենի գրասենյակին տրամադրել 256 մլն դրամ, որը 7 մլն-ով ավելի է, քան անցյալ տարվա հատկացումներն են: Այն նախատեսվել է աշխատավարձի բնականոն աճի եւ էլեկտրաէներգիայի ծախսի համար:

Ուշագրավ է, որ ամեն տարի Կարեն Անդրեասյանն էր ներկայացնում բյուջեի նախագիծը, այս տարի նրա փոխարեն եկել էր աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանը:

Սա բարկացրեց ներկա պատգամավորներին, Կարեն Անդրեասյանի պահվածքը կապվեց ԱԺ-ում հայտնի վիճաբանության հետ:

ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Արզումանյանը հարցրեց. «Ես որեւէ կասկած չունեմ, որ կարող եք հարցերին պատասխանել, բայց ինչու չի մասնակցում Կարեն Անդրեասյանը: Մեր հանձնաժողովը բավականին բարյացակամ վերաբերմունք է դրսեւորել պարոն Կարեն Անդրեասյանի նկատմամբ»:

Նա հիշեցրեց, որ հանձնաժողովը միջնորդել է եւ Պավել Սաֆարյանն ասել է, որ հավելյալ գումարներ տրամադրեն.  «Մեզ համար անընդունելի է, երբ գերատեսչության ղեկավարը չի գալիս: Բացառիկ դեպքեր լինում են, օրինակ, արտգործնախարարի դեպքում, որը ունենում է նախապես գրաֆիկ, որը խախտել չի կարելի: Բայց Կարեն Անդրեասյանը Հայաստանում է եւ անընդունելի է նրա վերաբերմունքը»:

Նա անհարգալից վերաբերմունք որակեց Կարեն Անդրեասյանի արածը. «Անկախ մարմին լինել՝ չի նշանակում, որ պետք է որեւէ մեկի հետ չհամագործակցես: Սա օրիորդաց վարժարան չէ, որ ինչ-ինչ բաներից նեղացածություն լինի եւ դեմարշներ հրավիրեն: Տարին 3 անգամ է լինում, որ պետք է ԱԺ գալ: Այդ 3 անգամն այնպես արեք, որ չբացակայեք»:

Elinar_Vardanyan

Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը միացավ Ալեքսանդր Արզումանյանին՝ ասելով, որ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովն ամեն ինչ արել է, որ համագործակցությունը կայանա, եւ այսօր Կարեն Անդրեասյանի բացակայությունը հարց է առաջացնում՝ արդյոք այդ համագործակցությունը փոխադա՞րձ է. «Սա ԱԺ-ն է եւ պահանջում է պատշաճ վերաբերմունք բոլոր գերատեսչությունների կողմից: Հարգանքը ԱԺ-ի նկատմամբ ենթադրում է փոխադարձ վերաբերմունք»:

Tigran_Areyan

Օմբուդսմենի աշխատակազմի ղեկավարը փորձեց Կարեն Անդրեասյանին արդարացնել. «Քանի որ ֆինանսատնտեսական բյուջետային հարցեր էր քննարկվում եւ քանի որ կառավարությունը ոչ մի անհամաձայնություն չէր հայտնել, այդպիսի որոշում կայացվեց: Այնպես որ, դա մի որակեք որպես անհարգալից վերաբերմունք»:

Ալեքսանդր Արզումանյանը հեգնեց՝ ուրեմն հաշվապահին ուղարկեիք, նախարարներն էլ չեն զբաղվում ֆինանսական հարցերով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30