Հանրային ռադիոյով հեռարձակվող «Ապրելու բանաձև» հաղորդաշարի հեղինակ ու վարող Գոհար Մարտիկյանն ընթերցասերներին ներկայացրեց իր թվով 8-րդ ` պատմավավերագրական,գեղարվեստական մատենաշարը: Հանրային հեռուստաընկերության աջակցությամբ, և անձամբ Ռուբեն Ջաղինյանի հետևողականության ու ջանքերի գնով տպագրվեց «Ապրելու բանաձև» մատենաշարի 8-րդ հատորը: Հոկտեմբերի 31-ին Թումանյանի շրջանի Ալավերդիի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Գոհար Մարտիկյանի գրքի շնորհանդեսը:
Գոհար Մարտիկյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «2013 թվականին ես եղա Թումանյանի տարածաշրջանի բոլոր այն գյուղերում, որտեղ ծնվել ու հասակ են առել Արցախյան ազատամարտի հերոսները՝ Աքորի, Շնող, Նեղոց, Շամլուղ, Օձուն… ներառելով Ալավերդի քաղաքը։ Հանդիպեցի հարազատների, մարտական ընկերների, հրամանատարների հետ, և այդ աշխատանքի արդյունքն ամփոփվեց իմ՝ պատմավավերագրական ու գեղարվեստական «Ապրելու բանաձև» մատենաշարի 8-րդ հատորում։ Ես խոստացել էի տպագրությունից հետո մեկտեղել բոլորին, որպեսզի գիրքը տպագրված տեսնելով՝ փարատվեն նրանց բոլոր այն կասկածները, որ գալիս են, գրում, գնում ու ամեն ինչ կորչում է անհետ»:
Խոսելով շնորհանդեսի մասին Գ. Մարտիկյանն ասում է, որ Ալավերդի քաղաքի մշակույթի կենտրոնում հավաքվեցին բոլոր հարազատները, քաղաքապետը, մշակույթի գործիչները, Արցախյան գոյամարտի պատմությամբ ու հատկապես «Ապրելու բանաձև» ռադիոհաղորդաշարով և մատենաշարով հետաքրքրված մտավորականներից ոմանք, և «կայացավ մի շնորհանդես, որն անմոռաց կմնա բոլորի, նաև իր հուշերում։ Գրքերը նվիրական գանձի պես գրկել էին ահել ու ջահել՝ համարելով դրանք 21-րդ դարի անմահ հուշարձան»։
Կարդացեք նաև
Ռադիոլրագրող Գոհար Մարտիկյանը նաև ասաց,որ հոկտեմբերի 31-ը կարևոր նշանակության օր էր ինչպես իր, այնպես էլ թումանյանցիների համար: «Չմոռանամ նշել, որ շնորհանդեսը տեղի ունեցավ հատկապես հոկտեմբերի 31-ին, որովհետև Թումանյանի տարածաշրջանի առաջին զոհի՝ Անդրանիկ Պետրոսյանի ծննդյան օրն էր: Կարող եմ ասել, որ գիրքը երանություն պարգևեց որդեկորույս մայրերին, այրիացած կանանց ու զավակներին»:
Հայկ ՄԱԳՈՅԱՆ