«Բարձրացել է տանիքին, որ ճյուղը քաշի, շլոր քաղի, տանիքի թիթեղը ամրացված չի եղել, սահել է եւ գլխիվայր ընկել բետոնի վրա»,- մեզ հետ զրույցում պատմում է Էդուարդ Աքուլյանի մայրը: Վանաձորցի այս ընտանիքի համար 2012թ.-ի հուլիսի 25-ը ճակատագրական է լինում. դեպքը տեղի է ունեցել հենց այդ օրը: Երեխային անգիտակից վիճակում տեղափոխում են Երեւան: Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում փոքրիկ Էդուարդը 17 օր գտնվում է կոմայի մեջ: Երեխայի մոր պատմելով՝ կոմայից դուրս գալուց հետո էլ երեխան եւս մեկ ամիս անցկացնում է բուժհաստատությունում՝ գտնվելով բժիշկների խիստ հսկողության տակ, քանի որ ինքնուրույն ոչ մի գործողություն անելու ի վիճակի չի լինում:
«Երեխան ո՛չ խոսում էր, ո՛չ լսում, ուղղակի պառկած էր, մի ամիս զոնդով է կերակրվել»,- պատմում է տղայի մայրը: Նրա խոսքերով՝ տուն տեղափոխվելուց հետո Էդուարդն աստիճանաբար սկսում է նստել, գդալով կերակրվել, հատուկենտ բառեր արտասանել: Մայրը պատմում է, որ մոտ ութ ամիս հետո երեխային տանում են վերականգնողական կենտրոն: Արդեն երեք տարի է՝ նմանատիպ վերականգնողական կենտրոններ հաճախելը Էդուարդի կյանքի անբաժան մասն է կազմում: Ծնողների ներկայացմամբ՝ վիրահատության արդյունքում հնարավոր է եղել շտկել Էդուարդի վնասված ուղեղը, բայց երեխայի մոտ խանգարվել են խոսքային ու շարժողական ֆունկցիաները: Խաթարվել է նաեւ տեսողությունը:
«Ձախակողմյան վերջույթները չեն գործում. ձախ ոտքը կարողանում է շարժել, դե օրթեզ ա, բայց ձեռքը ընդհանրապես չի շարժում: Արդեն երկու անգամ տարել ենք Երեւան, օրթոզը փոխել են, աճող երեխա է, ոտքը մեծանում ա, օրթեզը պետք ա փոխվի»,- որդու հետ պատահած դժբախտությունից դեռ ուշքի չեկած ասում է երեխայի հայրը: Ծնողները պատմում են, որ որդու ապաքինման համար անհրաժեշտ է գլխի երկրորդ պլաստիկ վիրահատություն, քանի որ երեխայի գանգոսկրի մի մասը բացակայում է: Հայաստանում հետազոտել են, բայց բժիշկները երաշխիք չեն տալիս, որ դա կլինի վերջին վիրահատությունը: Մասնագետները հորդորում են երեխայի բուժումը շարունակել արտերկրում՝ խորհուրդ տալով դիմել եվրոպացի մասնագետներին:
«Առաջվա պես հիշում է, ճանաչում է բոլորին, բայց քանի որ ձախակողմյան հատվածը չի աշխատում, անգամ շորերը մենք ենք հագցնում, մենակ չի կարողանում ամենատարրական պահանջներն անգամ հոգալ»,- Էդուարդի վիճակը նկարագրում է մայրը՝ մտահոգվելով որդու ապագայի մասին, թե առանց կողմնակի օգնության Էդուարդը չի կարող ապրել:
Արդեն երկու տարի է՝ Էդուարդը դպրոց էլ չի հաճախում, փոխարենը ուսուցիչներն են տուն այցելում՝ երեխայի հետ իրականացնելով տնային ուսուցում: Չնայած վերջին շրջանում Էդուարդը առաջխաղացում ունի ուսման մեջ ՝ ավելի արագ է մտածում, գրում, բայց վնասվածքից հետո եւ առաջ նրա առաջադիմությունը շատ տարբեր է:
«Առաջ շատ ընկերներ ունեի, որոնց հետ խաղում էի, բայց որ ընկա ու առաջվա պես չեմ քայլում, էլ ոչ մեկը չի խաղում ինձ հետ, մենակ եմ խաղում»- ասում է 13-ամյա Էդուարդը:
«Մենակ քրոջ ու ախպորս էրեխեքի հետ ա խաղում, էն էլ մեր բակում»,- նշում է հայրը՝ հույս փայփայելով, որ մի օր իր որդին էլ մյուս երեխաների պես բակում կխաղա, կվազի գնդակի հետեւից, դպրոց կգնա:
«Էդուարդը առաջ շատ էր սիրում ֆուտբոլ խաղալ, հեծանիվ էր շատ քշում, երկուսից էլ վնասվածքի հետեւանքով զրկված է, դրանից շատ է նեղվում»,- մեզ հետ զրույցում ասում է տղայի հորեղբայրը:
Էդուարդն այսօր համարվում է առաջին կարգի հաշմանդամ, որի համար ամսական ստացվող 21 հազար դրամը շատ քիչ է երեխայի կարիքները բավարարելու եւ հատկապես բուժման համար: Արդեն մի քանի ամիս է՝ վանաձորցիները իրականացնում են դրամահավաք՝ փոքրիկ Էդուարդին օգնելու ցանկությամբ: Դրամահավաքին միացել են նաեւ Երեւանի քաղաքացիները: Ծնողները մեծ հույս ունեն, որ բարի մարդկանց շնորհիվ կկարողանան երեխայի հետագա բուժումն իրականացնել արտերկրում, եւ կիրականանա տղայի ներկայիս միակ երազանքը՝ առողջանալ եւ ապրել հասակակիցների նման: Ծնողներն ասում են, որ անգամ ամենաչնչին օգնությունը կարեւոր է:
ԳՈՀԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.11..2015