Եթե ցանկանում եք բիզնես հիմնել, նախ պետք է ուշադրություն դարձնել առաջարկվող արտադրանքի կամ ծառայության պահանջարկին: Օրինակ՝ մեկը որոշել է արտադրել կանաչ քառակուսի բաժակ, եւ այդ գաղափարը նրան կարող է թվալ շատ լավը, բայց պետք է ստուգել՝ արդյոք շուկայում դրա պահանջարկը կա՞: Ականատես ենք լինում, թե ինչպես է բիզնեսն ամիսներ հետո փակվում, որի պատճառը գաղափարը նախապես չստուգելն էր: Այս մասին մեզ հետ զրույցում ասում է «Մարքեթինգի հայկական ասոցիացիա»-ի նախագահ Արամ Նավասարդյանը, որը թվարկում է այն անհրաժեշտ կետերը, որոնց պետք է ուշադրություն դարձնել մինչ բիզնեսը հիմնելը՝ հետագա խնդիրներից խուսափելու եւ լուծումներ գտնելու համար:
Ըստ նրա՝ երկրորդ նախապայմանը շուկայում առկա իրավիճակն է: Կարող է լինել կանաչ բաժակ արտադրող եւս մեկ ընկերություն, այդ դեպքում պետք է հաշվարկել՝ արդյոք դուք կարո՞ղ եք դրանից լավ բաժակ արտադրել, հասանելի դարձնել պոտենցիալ գնորդներին:
Այնուհետեւ Արամ Նավասարդյանը խորհուրդ է տալիս ծանոթանալ օրենսդրական դաշտին, թե ինչպես են կարգավորվում այդ ապրանքի արտադրանքն ու վաճառքը: Ըստ նրա՝ պետք է հաշվի առնել երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը եւ այն, թե արդյոք մարդիկ, ունենալով որոշակի խնդիրներ, պատրա՞ստ են գնել նման բաժակ:
Մեր զրուցակցի խոսքերով՝ ցավոք, Հայաստանում բիզնեսի վարկերը, ֆինանսական միջոցները բավականին սուղ են եւ թանկ: Օրինակ՝ եթե Շվեյցարիայում կամ ԱՄՆ-ում նոր բիզնես հիմնելով կարող ես ցածր տոկոսով կամ անտոկոս վարկեր ստանալ, ապա մեր երկրում նման ծրագրերը շատ քիչ են գործում, եւ վարկային միջոցներն էլ բավականին թանկ են: Մեզ մոտ այս առումով ռիսկայնությունը բարձր է:
Մասնագետն ասում է, որ Հայաստանում խնդիր է նաեւ ներքին շուկայի սահմանափակումն ու գնողունակության ոչ բարձր մակարդակը: Շատերը կարծում են, որ միայն Հայաստանում են այսքան հաճախ «փակվում» նորաբաց ընկերություններն ու բիզնեսները, այնինչ այս խնդիրը կա բոլոր երկրներում: Ըստ վիճակագրական տվյալների՝ նորաբաց ընկերությունների 50%-ն առաջին տարվա ընթացքում դադարում է աշխատել, եւ սա ամբողջ աշխարհում է սահմանված: Իրականում խնդիրը կապված է ոչ լավ գաղափարի, մրցակցային շուկայի ոչ լավ ուսումնասիրման հետ:
Կարդացեք նաև
Եթե գաղափարդ ճիշտ չէ, եւ չես կարողանում աշխատել մրցունակ շուկայում, առավել լավ է մեկ տարվա ընթացքում դադարեցնես աշխատանքդ: Եթե ճիշտ չես աշխատում, ապա երկրորդ, երրորդ տարին էլ նույն սխալներով կգործես:
Հայաստանում այլ խնդիրներ եւս կան. շուկան գնալով փոքրանում է, ֆինանսական, սոցիալական խնդիրները առկա են, որոնք էլ ազդում են ձեռնարկությունների գործունեության վրա:
Մասնագետը հավաստում է, որ եթե ցանկանում եք բիզնեսում հաջողություն ունենալ, ապա պետք է հետեւեք այս կանոնին. «Կենտրոնանալ մատուցվող արտադրանքի, ծառայության վրա եւ շատ աշխատել»:
ԴԻԱՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.11..2015