Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատավորը՝ դատախազին. «Ձեր ձայնը չբարձրացնեք ինձ վրա, ով ուզում եք լինեք»

Նոյեմբեր 05,2015 13:00

ՀՀ ոստիկանության Էրեբունու անձնագրային բաժնի պետ Արտյոմ Սեդրակյանի, աշխատակիցներ Գոհար Զարգարյանի, Սոֆյա Ունուսյանի, Աիդա Սարգսյանի, ոստիկանության տեսուչ Վահագն Գրիգորյանի, ազգությամբ եզդի Նավո Սլոյանի քրեական գործով դատաքննությունը երեկ նույնպես անցավ լարված մթնոլորտում:

Դեռ լավ էր, որ մեղադրանքը պաշտպանող երկու դատախազներն այս անգամ չլքեցին դատական նիստերի դահլիճը եւ «բավարարվեցին» միայն դատավոր Վլադիմիր Գրիգորյանի հետ լեզվակռվով՝ առարկություններով:

Հիշեցնեմ, որ ամբաստանյալները մեղադրվում են Հայաստանում չբնակվող Նավո Սլոյանի թոռանը՝ Ալբերտին հաշվառման կանգնեցնելու եւ անձնագիր տալու համար:
Դատարան ներկայացած վկա Փառանձեմ Մանուկյանն աշխատում է 1993թ.-ից «Նուբարաշենի անձնագրային խմբում», որպես առաջին կարգի մասնագետ: Նա հայտնեց, որ ճանաչում է ամբաստանյալ կանանց, մտերիմ է եղել Աիդա Սարգսյանի հետ: Հարցուպատասխանից պարզ դարձավ, եւ ինչպես վկան էլ հայտնեց, որ իրեն դատարան են կանչել, նախկինում էլ Հատուկ քննչական բաժին միայն այն հեռախոսազրույցի համար, որն ունեցել է Աիդա Սարգսյանի հետ:

Ըստ վկայի՝ հեռուստատեսությունից լսելով կատարված դեպքի մասին, նա զանգել է ընկերուհուն՝ Աիդա Սարգսյանին:

Վերջինս հայտնել է, որ «մի քանի կոպեկի զոհ» են դարձել, ինքն էլ հեգնել է հարցնելով՝ «թուլափայի՞»: Դատարանում կողմը փորձում էր ճշտել, թե «թուլափայը» որքան գումար էր, Աիդա Սարգսյանն ասե՞լ է այդ մասին: Ի դեպ, վկան ասաց, որ իրենց հեռախոսազրույցը գաղտնալսվել էր, եւ երբ իրեն հեռախոսով առանց ծանուցագրի կանչել են Հատուկ քննչական ծառայություն, քննիչը՝ Հովակիմյան ազգանունով, մինչ վկայի ցուցմունքն այն միացրել է, եւ լսել են: Վկան չի ունեցել փաստաբան ներկայացուցիչ, եւ ըստ նրա, չի բացատրվել, որ պաշտպան կարող է ունենալ:

Իհարկե, երբ դատարանում միջնորդություն եղավ հրապարակել նախաքննության ժամանակ տրված վկայի ցուցմունքի արձանագրությունը, արձանագրվել էր, թե վկան հրաժարվել է փաստաբանից:

Պարզվեց նաեւ, որ այս վկային դիմել են «Նանար» անունով:

Դատավարության կողմերին հետաքրքրում էր, թե արդյոք, բացի «Նանար» անունից, վկային այլ՝ «Նանո», «Բալես» անուններով դիմե՞լ են, վկան պնդեց, որ իրեն դիմել են եւ գիտեն միայն «Նանար» անունով: Հավանաբար, ապացույցների հետազոտման փուլում պարզ կդառնա, թե ինչու այս անունները տրվեց, թե արդյոք վկան այս անուններով երբեւէ հանդես եկե՞լ է:

Վկան չգիտեր գործի առանձին հանգամանքների մասին, ով ինչքան գումար ում է տվել, ինչպես է եղել:

Դատավորին հետաքրքրեց, թե ինչ է նշանակում, երբ վկան ասում է «Նուբարաշեն աշխատանքային խմբում է աշխատում»: Վկան ասաց, որ Էրեբունու անձնագրային բաժնի մի մասը սպասարկում է Նուբարաշենին, այն գտնվել է ոստիկանության բաժանմունքի շենքում: Ըստ այս վկայի. «Քոռ կոպեկի համար այսքան պատմության մեջ գցեցին: Երբ զանգեցին, չեմ էլ հիշում ո՞վ էր: Անմիջապես պետին ասացի, զանգեց ճշտեց ու գնացի Հատուկ քննչական ծառայություն»:

Հնչեց հարց, թե կարո՞ղ էր Աիդան, մյուս կանայք իրեն որեւէ բան խնդրեին, վկան ասաց, որ իրեն նախ չեն խնդրել, իսկ եթե խնդրեին էլ, ապա ինքը այդ խնդրանքը կարող էր իր պետի միջոցով լուծել: Երբ դատախազ Էդգար Արամյանը փորձեց ճշտել, հարցնելով՝ ո՞ւմ նկատի ունի՝ Արտյոմ Սեդրակյանի՞ն, դատավորը, պաշտպանները տեղից ասացին, թե պետը Արտյոմ Սեդրակյանը չի եղել, քանի որ վկան ունեցել է առանձին պետ:

Այստեղ տեղի տվեցին դատախազի նյարդերը, նա տեղից գոռում էր, բղավում, թե դատավորը հուշում է, պաշտպանները հուշում են, իսկ դատավորը, որը նախկինում գլխավոր դատախազության ամենահայտնի դատախազներից մեկն է եղել (ի դեպ, Վանո Սիրադեղյանի եւ բարձրաստիճան պաշտոնյաների քրեական գործերով հանձնաժողովի նախագահը, որի դեմ մահափորձ իրականացվեց-Ռ.Մ.), այդ ժամանակ ասաց. «Ձեր ձայնը չբարձրացնեք իմ վրա, ով ուզում եք եղեք; Դուք չեք կարող առանց կոնֆլիկտի աշխատել»:
Գլխավոր դատախազության նախկին ճանաչված դատախազներից, նախկին զինդատախազ, ներկայումս փաստաբան, Արտյոմ Սեդրակյանի պաշտպան Ժաննա Կոտիկյանն էլ հանդես եկավ հայտարարությամբ, որով նախ առարկեց դատախազի գործողությունների դեմ: Նա ասաց, որ ցանկացած հարցի դեպքում, դատախազն անհարկի միջամտում է, հոգեբանական ճնշում է գործադրում դատարանի վրա, անտեղի գործողություններով խանգարում է նիստերի բնականոն ընթացքը:

Ըստ պաշտպանի, տասն ամսից ավելի է, ինչ առկա է քրեական գործը, սակայն դատախազը քրեական գործի նյութերից անտեղյակ է, քանի որ չի իմանում, որ անձնագրային պետը Նուբարաշենինն այլ է, Էրեբունունը՝ այլ, այսինքն՝ կառուցվածքի մասին տեղյակ չէր:
Ի վերջո, դատավորը հանգստացրեց լարված մթնոլորտը, ասելով, թե կողմերը լուն ուղտ են սարքում, եւ տնավարի վկային հարցրեց. «Դուք կարող էի՞ք «դուրս գալ» Արտյոմի վրա»:
Վկան բացասական պատասխան տվեց:

Ավելին՝ նաեւ հայտնեց, որ քննիչի մոտ էլ հարցերից «խճճվել է», նա իրեն օգնել է ձեւակերպել իր տված հարցերի պատասխանները:

Անձնագրայինի մեկ այլ աշխատակից, նույնպես վկա, Մարիամ Հովսեփյանը հաճախակի էր դիմում դատախազներին, օգնել իրեն, հուշել, հարցեր տալ, որ հասկանա, թե ինչ պատասխանի դատարանում:

Նա էլ Նանարի հակառակ տեսակն էր, ամեն ինչ լսել էր, տեղը տեղին, իմացել է, որ ցնցող բան է տեղի ունեցել, երկու անգամ է հարցաքննվել, շրջանառվող լուրերից իմացել է, որ գործով հինգ հոգի կան, հետո՝ յոթ:

Վկաների հարցաքննությունը չավարտվեց:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30