Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչից ժամացույց «կորզել» եւ հավատարիմ մնալ ինքդ քեզ

Նոյեմբեր 05,2015 12:00

Ժամացույցի շղթաներ, սլաքներ, մեխանիզմներ ու անվերջ թկթկոցներ… Սրանք են յուրաքանչյուր ժամագործի արհեստանոցի հիմնական «ընկերները»: Եթե դրանց գումարենք պատից կախված կամ առաստաղի վրա արված յուղաներկով նկարներ, փայտից եւ մատիտի միջուկից փորված քանդակներ, ձեռքով պատրաստված պլաստմասսե խաղալիքներ, կստանանք ժամագործ-դիզայների արհեստանոցի ամբողջական պատկերը: Հենց այսպիսին է Արամ Բալայանի արհեստանոցը՝ կիսամութ, փոքր-ինչ թափթփված, լի ամեն տեսակի պետքական ու անպետք իրերով, բայց ջերմ ու ներս հրավիրող մթնոլորտով: Այստեղ ամեն ինչ ստեղծվել է Արամի ձեռքերով, թեեւ նա սիրում է լռել եւ չի պատմում իրեն տրված այլ շնորհների մասին:

Դիզայներ Արամ Բալայանի հենդմեյդ ժամացույցները պատրաստվում են ցանկացած իրից, որ անցնում է նրա մտքով՝ ընկույզի արմատ, օբսիդիան քար, սիգարի տերեւ, ձկան կաշի, թիթեռի թեւեր, սիրամարգի փետուր… Անհավանական գործածություն ունեցող այս իրերի շարքը դեռ երկար կարելի է շարունակել: Մասնագիտությամբ տնտեսագետ, 36-ամյա Արամը երբեք չէր մտածի, որ օրերից մի օր կզբաղվի ժամագործությամբ, թեպետ, ճիշտ կլինի ասել՝ ժամացույցների դիզայնով. Արամը չի սիրում «ժամագործ» բառը: Նա համարում է, որ ժամագործությունն այն է, երբ քանդում են մեխանիզմը եւ սարքում փչացած ժամացույցները: Իսկ ինքը զբաղվում է ժամացույցների արտաքին տեսքով. օգտագործում է հազվագյուտ հանդիպող թունավոր օձի կաշին՝ որպես շղթա, կարմիր վարդի թերթիկի վրա պատկերված մանրանկարչական արվեստը՝ որպես ժամացույցի դաշտ, եւ փղոսկրի կտորը՝ որպես սլաք:

10

Արդեն 12 տարի Արամը զբաղվում է ժամացույցների դիզայնով: Նա պատմում է, որ իր առաջին հենդմեյդ ժամացույցը պատրաստել է 2000 թվականին՝ բանակում ծառայելիս. «Մի նկար ունեի, որը կիսով չափ պատռվել էր, ես էլ չէի կողմնորոշվում՝ գցել, թե պահել: Իսկ ժամացույցիս դաշտը փչացել էր. ջրի մեջ էր մնացել: Մի խոսքով՝ երկուսն էլ գցելու բան էին: Որոշեցի նկարս կտրել եւ ժամացույցի մեջ դնել: Այդպես 1-2 տարի օգտագործեցի այն»:

Սկզբում Արամի ժամացույցները ստեղծվում էին առանց որեւէ տարբերանշանի, սակայն 2007 թվականից առաջացավ «Արամի» բրենդի անհրաժեշտությունը՝ չնայած, հեղինակը կարծում է, որ անունը որեւէ կերպ չի կարող օգուտ տալ, եթե ապրանքը լավը չլինի:
Բրենդի հիմնական շեշտը դրված է անհատական արտադրության վրա. պատրաստված ժամացույցները հիմնականում մեկ օրինակից են լինում: Արամը համարում է, որ Հայաստանում ձեռքով պատրաստված գործերը շատ հասանելի են գնի առումով: Վերջերս նա մասնակցել էր Պրահայի Ժամացույցների եւ ոսկյա զարդերի միջազգային ցուցահանդեսին: Հենց այստեղ էլ նա բացահայտել էր, թե որքան թանկ են գնահատվում հենդմեյդ իրերն արտասահմանում. «Այնպես էին գնի վրա զարմանում, որ ես էլ էի զարմանում: Նրանց մոտ հենդմեյդ գործերը շատ թանկ են, ոչ այն գնի, ինչ Հայաստանում: Քիչ էր մնում բացեի, ցույց տայի՝ իրոք ձեռքի պատրաստած է, որ հավատային»:
Թեեւ Եվրոպայի գրավիչ ֆինանսական առաջարկներին, Արամը չի ուզում իր գործով զբաղվել Հայաստանից դուրս, ընդհակառակը՝ ցանկություն ունի դրանք վաճառել հենց իր հայրենիքում, միայն թե մարդիկ սկսեն գնահատել դրանց արժեքը:

Դիզայները վստահ է, որ տնտեսագիտական կրթությունն իրեն շատ է օգնել ժամացույցների հետ գործ ունենալիս. «Գիրքը կարող ես կարդալ եւ հետո սյուժեն մոռանալ, բայց մարդու ուղեղը, բառապաշարը, մտածելակերպը զարգանում է: Նույն կերպ հաշվարկների մեջ ինձ օգնում է իմ տնտեսագիտական կրթությունը. չէ՞ որ ժամացույցը պետք է զրոյական ճշտությամբ աշխատի»: Ի դեպ, նա նաեւ պատրաստում է հուշանվերներ՝ նոր կյանք հաղորդելով ժամացույցի ոչ պետքական մասերին:

Արամն օրվա մեծ մասն անցկացնում է իր արհեստանոցում, որտեղ միշտ ռադիոն միացրած է, եւ պարտադիր հնչում է որեւէ երաժշտություն՝ հիմնականում հանգիստ, մեղեդային: Զրույցի ժամանակ մի պահ մտածում էի Արամին խնդրել՝ անջատել ռադիոն՝ ձայնագրությանը չխանգարելու համար, բայց հետո հասկացա, որ առանց իր արհեստանոցի մշտական մթնոլորտն ապահովողի, մեր զրույցը կստացվեր սառն ու կաշկանդված: «Դե, կարծես մենակ չեմ լինում: Մեկ-մեկ ուզում եմ նույնիսկ դուրս գալ, թեեւ ինձ շատ հաճելի է այս միջավայրը, եւ իմ բոլոր հյուրերն էլ սիրում են այս տեղը: Թեկուզ եւ մի քիչ խառը, թափթփված՝ այստեղ ես հանգիստ եմ, կարողանում եմ մտածել, ստեղծագործել»,- պատմում է Արամը եւ ոգեւորությունից փայլող աչքերով նայում շուրջբոլորը կիտած ամենատարբեր իրերին, որ կարելի է գտնել ստեղծագործողի միջավայրում:
Արամն ինքն էլ շատ է սիրում ժամացույցներ կրել. երեւի սա է պատճառը, որ իրեն մաքսիմալ ճշտապահ է համարում եւ սիրում է, որ իր հետ էլ են ճշտապահ լինում: Նա համամիտ չէ այն մտքի հետ, թե որոշ ժամանակ հետո մարդիկ կդադարեն ժամացույց կրել. «Ժամացույցը միայն ժամը նայելու համար չէ: Դա նույնն է, ինչ համարենք, թե կոճակները միայն կոճկելու համար են. դրանք չէին սարքի մետաղից, փայտից, այլ կլինեին միատեսակ: Չէ՞ որ բացի իր հիմնական գործառույթից, այն նաեւ զարդ է, աքսեսուար: Ես ճանաչում եմ մարդկանց, ում ժամացույցը չի աշխատում, բայց կապում են: Բիզնեսմեններն, օրինակ, առաջինը նայում են ժամացույցին եւ հետո՝ կոշիկներին»:

Մարդիկ հաճախ են կրկնում, թե ժամանակը թանկ է, բայց արդյոք իրականում գիտե՞ն դրա արժեքը: Եվրոպացիների հետ շփումն Արամին սովորեցրեց իր ժամանակն ավելի թանկ գնահատել. «Երբ զգում եմ, որ մարդը պարապ է ու անիմաստ ինձ զբաղեցնում է, ուղղակի չեմ զբաղվում իրենով: Հայերը սիրում են իրենց ունեցածը թողած՝ հաշվեն կողքինինը՝ ինչ ունի, ինչով է ապրում՝ սրանով եւ՛ իրենց խանգարելով, եւ՛ այդ կողքինին»:

Արամը, լինելով երիտասարդ, արդեն ունի սեփական աշխատանք եւ կարողանում է եկամտով ապահովել ընտանիքը: Նա իր օրինակով ցույց է տալիս, որ աշխատանք ունենալու համար պարզապես պետք չէ տեղի տալ հուսահատությանը. «Ամեն ինչի վերջն ինչ-որ նոր բանի սկիզբ է: Մարդու մեջ երկու տեսակի շուն կա՝ սեւ եւ սպիտակ. որին շատ ես կերակրում, դա էլ մեծանում է: Եթե դու անընդհատ հիասթափվում ես եւ բացասականն է քո մեջ աճում, մեծանում է սեւ շունը: Բայց մարդուն տրված է ձեռք, ոտք, նրան այնքան քիչ բան է պետք, որ կարողանա աշխատել եւ հաջողության հասնել»:

Դիզայները կարծում է, որ երազանքը լավ բան է, բայց երբ մարդ մտածում է, թե կողքինն ինչպես է հասել դրանց, մի կողմ է թողնում իր արժեքները: Նա միշտ իր առջեւ դնում է 3 փուլ՝ երազանք, նպատակ, իրականություն: «Օրինակ, ինչ-որ ժամանակ ես գուցե երազեի, որ Եվրոպայում մասնակցեի ցուցահանդեսի, հետո այն դարձավ նպատակ, իսկ հիմա՝ իրականություն: Երազանքներն իրականացնելու բոլոր շանսերը կան»,-ասում է մեր զրուցակիցը: Հիմա արդեն Արամը փորձում է միանգամից նպատակ դնել իր առջեւ, քանի որ համարում է, թե երազանքն ավելի ուշ իրականացող է: Երիտասարդն անընդհատ փորձում է անել այն, ինչն իր համար անհնար է թվում: Նա կարծում է, որ մարդիկ պետք է մտածեն, որ իրենք կարող են անել, հակառակ դեպքում՝ չեն կարողանա. «Մարդ միշտ ասում է «ես», բայց նույնիսկ անհավատ մարդը ենթագիտակցորեն կրկնում է «Աստված ջան»: Յուրաքանչյուր մարդու էլ տրված է մի բան. մեկը լավ հիշողություն ունի, մեկը փայլում է օտար լեզուների մեջ, մի ուրիշը դիվանագետ է: Դե, իսկ ում Աստված մի քանի շնորհ է տվել, ինքը բողոքելու տեղ չունի»:

Արամը, ժամացույցներ պատրաստելուց զատ, շատ է սիրում կարդալ՝ հիմնականում այն, ինչն իրականությանը մոտ է: Նրա սիրած գրողներից է Անդրե Մորուան, ում խոսքերից շատ մեջբերումներ լսեցի մեր զրույցի ժամանակ: Արամը դժվարացավ իրեն «կոչում» տալ, ես նրան կտամ միանգամից մի քանիսը՝ արհեստագետ, որ զբաղվում է ժամագործությամբ, արվեստագետ, որ զբաղվում է դիզայնով, նկարչությամբ ու քանդակագործությամբ, եւ պարզապես մարդ, որ դեռ շատ այլ «թաքուն» կոչումներ ունի:

ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30