Եվրոպայի խորհրդի պորտալում հրապարակվել են երեկ ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի ընդունած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրված հակահայկական զեկույցի մասին մանրամասներ: Նյութը վերնագրված է «ԵԽԽՎ հանձնաժողովը կոչ է անում Հայաստանին հեռացնել Լեռնային Ղարաբաղի շուրջ Մինսկի խմբի բանակցային գործընթացից»:
Նշվում է, որ քաղաքական հարցերի հանձնաժողովի ընդունած զեկույցի նախագծում կոչ է արվում «հեռացնել Հայաստանի եւ այլ անկանոն զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներից, ապահովել Ադրբեջանի տարածքների ամբողջականությունը» Մինսկի խմբի բանակցային գործընթացի շրջանակներում:
Հանձնաժողովը նաեւ կոչ է արել «հրավիրել Մինսկի խմբի լիագումար նիստ, եւ Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ սահմանել ու ապահովել նրա անվտանգությունը եւ ներքին ինքնակառավարումը, ինչպես նաեւ «համաձայնեցված միջանցք ստեղծել Հայաստանի եւ ԼՂ միջեւ ու այլ վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ միջանցք դեպի Նախիջեւան»:
Խստորեն դատապարտելով շփման գծին մոտ քաղաքացիական բնակավայրերի կանխամտածված թիրախավորումը, հանձնաժողովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն ավելի մեծ միջազգային ճգնաժամերի պատճառով երկրորդական է դարձել. «Հետագա հետաձգումը միայն կբարդացնի «ապասառեցված» հակամարտության լուծումն, ինչն ավելի քան 100 մարդկանց մահվան պատճառ է դարձել 2014 թվականից սկսած եւ ինչը կարող է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջեւ լայնամասշտաբ պատերազմի վերածվել»:
Կարդացեք նաև
Հիշեցնելով, որ եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը 2001 թվականին Եվրոպայի խորհրդին միանալիս պարտավորվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար օգտագործել միայն խաղաղ միջոցներ, հանձնաժողովը կոչ է արել երկու երկրների կառավարություններին զերծ մնալ զինված ուժերի կիրառումից:
Հանձնաժողովը նաեւ կոչ է արել ԵԱՀԿ կողմից միջազգային խաղաղապահ ուժ ձեւավորել, որը կպահպանի Լեռնային Ղարաբաղի եւ «մյուս օկուպացված տարածքների» անվտանգությունը ու կապահովի բռնի տեղահանված անձանց վերաբնակեցումը, ինչպես նաեւ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը:
Ռոբերտ Ուոլթերի զեկույցի նախագիծը կքննարկվի ԵԽԽՎ-ի 2016 թվականի հունվարի լիագումար նիստում:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
Հայաստանի եւ Հայութեան դէմ Եւրոպայի այս նորագոյն հարուածը նաեւ յաւելեալ ապացոյց մըն է թէ Արեւմուտքը միշտ ու մնայուն հակում ունի մեր դէմը լինելու, մեր դէմ դիրքորոշուելու, մեզ ծախելու: