Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կամուրջ» թարգմանության մրցույթի հաղթողները հայտնի են

Նոյեմբեր 04,2015 23:30

2014 թվականի նոյեմբերին «Անտարես» հրատարակչությունը հայտարարել էր «Կամուրջ» թարգմանության մրցույթի մեկնարկը: Մասնակցության համար անհրաժեշտ էր ներկայացնել հայտ, թե որ լեզվից են պատրաստվում թարգմանություն կատարել: Ի պատասխան՝ հրատարակչությունն ուղարկել էր տվյալ լեզվով գրող հեղինակի անունն ու ստեղծագործության վերնագիրը, որը և պետք է թարգմանվեր: Բուն մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ էր ներկայացնել 16 էջ կամ 30 000 նիշ պարունակող թարգմանություն:

Ժյուրին արդեն ամփոփել է արդյունքները: Եվ այսօր Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ «Կամուրջ» թարգմանչաց մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը:

Մինչև մրցույթի հաղթողների անունները հրապարակելը, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն ասաց, որ հայտերի քանակը գերազանցել է իրենց սպասումները. «612 մասնակից ցանկություն էին հայտնել մասնակցել մրցույթին: Հայտեր ենք ստացել 17 լեզուների համար՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, պորտուգալերեն, իսպաներեն, լեհերեն, թուրքերեն, պարսկերեն, արաբերեն, հունարեն, վրացերեն, եբրայերեն, հինդի, նորվեգերեն և անգամ՝ վիետնամերեն: Արդյունքում՝ բոլոր հայտատուները չէ, որ ի վերջո մասնակցեցին մրցույթին, և այսօր ունենք 58 մասնակից 12 լեզվից՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, պորտուգալերեն, իսպաներեն, լեհերեն, թուրքերեն, հունարեն, եբրայերեն և հինդի»,- ասաց նա:

Կազմակերպիչների խոսքով՝ «Կամուրջ» թարգմանչաց մրցույթի գլխավոր նպատակը նոր թարգմանիչների հայտնաբերումն է, ընդ որում՝ հնարավորինս նոր լեզուների ընդգրկմամբ. «Հայաստանն առնվազն 80 լեզվից չունի թարգմանիչներ: Լեզուներ կան, որոնց ընդամենը մեկ հոգի է տիրապետում, ու եթե նա զբաղված է, բոլոր հրատարակիչները պետք է սպասեն մինչև գա իրենց հերթը»,- իր մտահոգությունը հայտնեց «Անտարես» հրատարակչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Այսպիսով՝ ամփոփելով մրցույթի արդյունքները՝ ժյուրին իտալերենից հայերեն լավագույն թարգմանության հեղինակ է համարել Լիլիթ Պետրոսյանին, պորտուգալերենից՝ Տաթևիկ Համբարյանին, անգլերենից՝ Արևիկ Ղարիբյանին, ռուսերենից՝ Արամ Պետրոսյանին, գերմաներենից՝ Լուսինե Մամիկոնյանին, իսպաներենից՝ Ալիս Տեր-Ղևոնդյանին, ֆրանսերենից՝ Արմենուշ Առաքելյանին, թուրքերենից՝ Լիլիթ Գասպարյանին, հինդիից՝ Գայանե Աղամալյանին, եբրայերենից՝ Ալվինա Հովհաննիսյանին, լեհերենից՝ Անահիտ Հարությունյանին և հունարենից՝ Շամրիկ Խաչատրյանին:

Լավագույններին «Անտարես» հրատարակչությունն առաջարկելու է պայմանագիր՝ տվյալ լեզվով որևէ գիրք թարգմանելու համար: Մրցանակաբաշխությանն իրենց պատրաստած մրցանակներով մասնակցում էին նաև Հայաստանում գործող տարբեր դեսպանատներ:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30