Գումարն ուղղվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին
Տրանսպորտի եւ կապի նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից 1,5 միլիարդ դրամ կհատկացվի: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից:
Վաղը կառավարությունն, ամենայն հավանականությամբ, հավանություն կտա նախարարությանը գումար հատկացնելու մասին նախագծին:
1,5 միլիարդ դրամն ուղղվելու է, ինչպես նշված է նախագծում, Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար. այս գումարը տրանսպորտի եւ կապի նախարարության միջոցով որպես նվիրատվություն տրամադրվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Նախարարությունը նշված ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների կապակցությամբ ունենալու է այն բոլոր իրավունքները (նախագծային փաստաթղթերի ընդունում, աշխատանքների ընդունում եւ այլն), որոնք կպատկանեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին համապատասխան աշխատանքները կատարելիս, իսկ հիմնադրամն իր նշված իրավունքները կարող է իրագործել միայն նախարարության նախնական գրավոր համաձայնության դեպքում։
1,5 միլիարդ դրամն ուղղվելու է ճանապարհային ցանցի բարելավման եւ անվտանգ երթեւեկության ապահովման ծառայություններին, ավտոճանապարհների եւ հարակից կառույցների ընթացիկ եւ ձմեռային պահպանությանը: Նախագծով նախատեսված է հիմնանորոգել պետական նշանակության ավտոճանապարհները, միջպետական եւ տեղական նշանակության ավտոճանապարհների քայքայված ծածկի նորոգում, մաշված ծածկի փոխարինում:
Կառավարությունը, ինչպես գրված է նախագծում, որպես վերջնական արդյունք ակնկալում է՝ ճանապարհներին վթարների եւ դժբախտ պատահարների նվազում, ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների ժամանակի կրճատում, տրանսպորտային միջոցների շահագործման ժամկետի երկարացում եւ վերանորոգման ծախսերի կրճատում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ