Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեգործական ակցիաներ և փառատոնային կինոդիտումներ

Նոյեմբեր 04,2015 20:38

Նոյեմբերի 7-11-ը Երևանում, ՀՀ մարզերում, Արցախում և Ջավախքում կանցկացվի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը, որն այս տարի նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Փառատոնի ավանդական 7 անվանակարգերին այս տարի ավելացել է ևս մեկը՝ «Ապագա՝ առանց Ցեղասպանության» խորագրով հատուկ ոչ մրցութային անվանակարգը, որտեղ ներկայացվելու են ոչ միայն հայ, այլև այլ ազգերի ցեղասպանությունների մասին պատմող ֆիլմեր:

Ընդհանուր առմամբ, փառատոնի այս տարվա ծրագրում ընդգրկված է 156 ֆիլմ՝ 44 երկրներից:

Փառատոնի բացմանը՝ նոյեմբերի 7-ին՝ ժամը 19-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի ռեժիսոր Փոլ Քինգի բրիտանաֆրանսիական «Պադինգտոն» ֆիլմը, որի գլխավոր դերակատարներից մեկին մարմնավորում է Նիկոլ Քիդմանը:

Փառատոնի փակման արարողությանը՝ նոյեմբերի 11-ին՝ ժամը 19-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն Սա Յեոնդոնգի «Հրում», Կոնստանտին Բոնզիտի «Առանց տիեզերքի ապրել չենք կարող» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերը և Խավիեր Նավարոյի «Երազ տեսա» խաղարկային կարճամետրաժ ֆիլմը:

Նշենք, որ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնն անցկացնում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը՝ ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

«2006 թվականից փառատոնը, ընդլայնելով շրջանակները, Երևանից տեղափոխվեց մարզեր՝ վերջիններիս մշակութային կյանքի խթանման, մարզաբնակ երեխաների և պատանիների համար մշակութային անցուդարձին մասնակից լինելու պայմաններ ստեղծելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի հիմնադիր տնօրեն, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը՝ տեղեկացնելով, որ այս տարի փառատոնի մարզային փուլը կիրականացվի Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում:

2013 թվականից «Ռոլան Բիկով» հիմնադրամի և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության շնորհիվ ստեղծվել է «Պատիվ ունեմ» անվանակարգը, որի նպատակն է կինոյի միջոցով նպաստել բանակի մարտական ոգու բարձրացմանը: 2014-ին փառատոնին մասնակցել է 5 զորամաս, իսկ այս տարի ավելացել են ևս 3-ը:

Ն. Մանուկյանի փոխանցմամբ՝ փառատոնին հաջորդող 40 օրերի ընթացքում կկազմակերպվեն լավագույն ֆիլմերի ցուցադրություններ Արցախի բոլոր շրջաններում և Ջավախքում:

Փառատոնի շրջանակներում անցկացվում է նաև «Ես կօգնեմ» խորագրով բարեգործական ակցիան՝ ուղղված ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակվող անապահով ընտանիքների երեխաներին: «Այս բարի ակցիայի մասնակիցը կարող է դառնալ հանդիսատեսը՝ փառատոնի հինգ օրերի ընթացքում «Մոսկվա» կինոթատրոն այցելելիս իր հետ բերելով խաղալիքներ, մանկական գրքեր և այլ օգտակար իրեր ու դրանք թողնելով հատուկ այդ նպատակով նախատեսված արկղերում»,- ասաց Ն. Մանուկյանը՝ հորդորելով անհատներին, պետական կառույցներին, հիմնադրամներին, կազմակերպություններին, բոլոր նրանց, ովքեր սրտացավ են սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների համար, մասնակցել իրենց նախաձեռնած բարեգործական ակցիային և ժպիտ ու ջերմություն պարգևել այդ երեխաներին:

Ի դեպ, բարեգործական ակցիան կշարունակվի նաև կինոդիտումներից հետո՝ մինչև նոյեմբերի 27-ը. «Այս ընթացքում ցանկացողները կարող են հանգանակությունները բերել «Ռոլան Բիկով» հիմնադրամի գրասենյակ: Ակցիայի ավարտից հետո կորոշվի, թե ում են տրամադրվելու հավաքված նվերները»,- ասաց Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30