Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքային նիստ Տուլայում` «Մոսկվա-Երևան» ուղերթն իրականացնող ավտոբուսի վթարման դեպքի առնչությամբ

Նոյեմբեր 04,2015 20:15

Տուլայի մարզի կառավարության շենքում այսօր տեղի ունեցավ ս/թ. նոյեմբերի 3-ին ժամը 02:12-ին Ուզլովայա քաղաքի մոտակայքում տեղի ունեցած «Մոսկվա-Երևան» ուղերթն իրականացնող ավտոբուսի վթարման դեպքի առնչությամբ գումարված համատեղ աշխատանքային նիստը, որին ռուսական կողմից մասնակցեցին` ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, Տուլայի  մարզի նահանգապետ Վլադիմիր Գրուզդևը, ՌԴ տրանսպորտի ոլորտում վերահսկողության դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Ասլանբեկ Ախոխովը, Տուլայի մարզի կառավարության փոխնախագահ Մարինա Լևինան, իսկ հայկական կողմից` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը:

Աշխատանքային նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ վթարի հետևանքով զոհված քաղաքացիների:

Նիստին ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սակալովն իր խոսքում ընդգծեց, որ առաջնային խնդիրը շարունակում է մնալ վթարի արդյունքում տուժած քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն տրամադրելն ու երկկողմ ջանքերի համակարգումը: Նշենք, որ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ս/թ. նոյեմբերի 5-ին կիրականացվի հատուկ չվերթ` զոհված ՀՀ քաղաքացիների դիերը Հայաստան տեղափոխելու նպատակով: Հայրենիք կտեղափոխվեն նաև հիվանդանոցից դուրս գրված քաղաքացիները: Տուժած և զոհված քաղաքացիների փաստաթղթերի հետ կապված տարաբնույթ հարցերը կարգավորվում են ՌԴ-ում ՀՀ դեսպանության կողմից: Այս մասին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Օ.Եսայանը, ով նաև իր շնորհակալական խոսքն է հղել Տուլայի մարզի ղեկավարությանը դեպքի առնչությամբ օպերատիվ գործողությունների կազմակերպման և քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար:

Իր հերթին ՌԴ Տուլայի մարզի նահանգապետ Վլ.Գրուզդևը հայտնեց, որ մարզի բուժհաստատությունների կողմից արվում է հնարավորը տուժած քաղաքացիներին անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու համար: Միևնույն ժամանակ նշվեց, որ կուսումնասիրվի մոսկովյան բուժհաստատություններում որոշ քաղաքացիների հետագա բուժումը շարունակելու հարցը:

Նիստին քննարկվել են նաև ՌԴ տրանսպորտի ոլորտում վերահսկողության դաշնային գործակալության և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից համատեղ աշխատանքների իրականացման հարցը` Ռուսաստանից Հայաստան իրականացվող ուղևորափոխադրումների կարգավորման ոլորտում:

Վթարի դեպքի առնչությամբ տեղում անհրաժեշտ աշխատանքների կազմակերպման և հաջորդիվ բուժօգնության տրամադրման վերաբերյալ զեկույցով հանդես եկավ նաև ՌԴ Տուլայի մարզի կառավարության փոխնախագահ Մարինա Լևինան:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30