Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե պատերազմ լինի, հորս պես կգնամ սահման պահելու»

Նոյեմբեր 04,2015 20:07

«Նաիրի» կինոթատրոնում այսօր ամփոփվեց «Կինոաշուն» ծրագիրը, որի շրջանակում մեկ ամսվա ընթացքում Երեւանում եւ մարզերում ցուցադրվել են 180-ից ավելի ֆիլմեր: Ազգային կինոյի ամիսն այս տարի նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100-ամյակին. հանդիսատեսին ներկայացվել են վերջին տարիներին նկարահանված ցեղասպանության թեմայով գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմեր: Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող ավանդական ծրագիրը սկսվել է Ստեփանավանից՝  ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Մի խելագարի պատմություն» ֆիլմով:

FILE3763 FILE3779 FILE3783

«Այս տարի մեծ ուշադրություն ենք դարձրել մարզերին: Սահմանապահ համայնքներում չնայած ցրտին եւ անձրեւին՝ մեր խմբերը ֆիլմերի ցուցադրություններ կազմակերպեցին, բնակիչներն էլ մեծ հաճույքով դիտեցին»,- ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:

«Կինոաշունը» եղել է սահմանամերձ գրեթե բոլոր համայնքներում եւ կինոցուցադրությունները մշակութային տոնի վերածել: Մարտին Ուլիխանյանը, որը կազմակերպել է ցուցադրությունները, պատմեց, որ 4200 կմ-ից ավելի ճանապարհ են անցել. «Կարեւորն այն ոգեւորությունն էր, որը տեսնում էինք մարզերում: Երբ Դավիթ Բեկ գյուղում ցուցադրեցինք «Յարխուշտա» կինոնկարը, 6-րդ դասարանցի մի երեխա ասաց՝ «եթե նորից պատերազմ լինի, ես իմ հոր պես կգնամ սահման պահելու»…սա խոսում է կինոյի ուժի եւ մեր արվեստագետների աշխատանքի մասին: Իսկ Այգեպարի գյուղապետն առաջարկեց իր մեքենայով տեղաշարժվել, որպեսզի մեր փոխադրամիջոցը կրակոցների թիրախ չդառնա: Այ այսպիսի պայմաններում են ապրում մարդիկ եւ սահման պահում»:

Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը փաստեց, որ «Կինոաշունը» մեծ պահանջարկ ունի. «Սա նշանակում է, որ մենք խնդիր ունենք կինոարվեստը հատկապես մարզերում ներկայացնելու եւ հանրահռչակելու: Մարզերից արձագանքը մեծ է: Մտավախություն կար, որ մարդիկ կնախընտրեն հեռուստացույցով ֆիլմ դիտել, բայց արձանագրեցինք հակառակը՝ հատկապես մարզերում սպասված են  կինոդիտումները»:

Հավելենք, որ հայկական հին ու նոր խաղարկային, վավերագրական, անիմացիոն և մանկական ֆիլմերը ցուցադրվել են նաեւ Երևանի բոլոր համայնքներում,  ուսումնական հատատություններում, կինոդահլիճներում ու զբոսայգիներում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30