1 միլիոն դոլարը 10 տարում որքա՞ն շահույթ բերեց
Հոկտեմբերի 30-ին Դիլիջանում տեղի ունեցավ կառուցվելիք եկեղեցու հողօրհնության արարողությունը: Այն կառուցվում է Մայր Աթոռ Էջմիածնի, Դիլիջանի քաղաքապետարանի, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ու «Դիլիջանի զարգացման հիմնադրամի» համատեղ ջանքերով: Հոգեւոր կառույցի շինարարության ֆինանսավորողներն են Ռուբեն Վարդանյանը, Գագիկ Ադիբեկյանը, Մաքսիմ Աթայանցը եւ Արմեն Կարապետյանը:
Հողի օրհնության արարողությունը կատարել է Գարեգին Բ կաթողիկոսը: Ներկայումս ընթանում են եկեղեցու շինարարության նախագծա-նախահաշվային աշխատանքները, եկեղեցու շինարարությունը կսկսվի 2016թ. ապրիլից: Ինչո՞ւ 16 200 բնակիչ ունեցող Դիլիջան քաղաքում ուշացավ եկեղեցու շինարարությունը: Դիլիջանում եկեղեցի չկա եւ «Թուֆենկյան» պատմազգագրական թանգարանի սենյակներից մեկում են կատարվում եկեղեցական արարողություններ:
2006թ. Դիլիջանի քաղաքապետարանի «Դիլիջան» պաշտոնաթերթը տեղեկություն հրապարակեց, որ ամերիկահայ բարերար Ջոն Սթիվենսը (Հովհաննես Ստեփանյան) Դիլիջան քաղաքում եկեղեցու կառուցելու համար Հայ առաքելական եկեղեցուն 1 միլիոն դոլար է նվիրաբերել: Սակայն այդ փողով այդպես էլ Դիլիջանում եկեղեցի չկառուցվեց: Մի քանի տարի անց Ֆրեզնոյից Ջոն Սթիվենսը մահացավ:
Կարդացեք նաև
2012թ. Տավուշի մարզի Բերդ քաղաքում մեկնարկեց Սուրբ Գեւորգ եկեղեցու շինարարությունը: Հայտարարվեց, որ եկեղեցու շինարարության արժեքը 430 միլիոն դրամ է: Բերդի եկեղեցու շինարարության մեծ մասը կատարվել է Ջոն Սթիվենսի (Հովհաննես Ստեփանյան) միջոցներով: Եկեղեցու կառուցման գործում իր ներդրումն ունեցավ նաեւ Բերդ համայնքը:
Այդ ժամանակ հայտարարվեց, որ Սուրբ Գեւորգ եկեղեցու շինարարության համար Հ. Ստեփանյանի միջոցներից ներդրվել է 900 հազար դոլար: 2014թ. սեպտեմբերի 14-ին Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ, Սերժ Սարգսյանի ներկայությամբ տեղի ունեցավ Սուրբ Գեւորգ եկեղեցու օծումը: Հայ առաքելական եկեղեցին այդպես էլ չի հրապարակել, թե Դիլիջանում եկեղեցու կառուցելու նպատակով Ջոն Սթիվենսի նվիրաբերած գումարո՞վ է կառուցվել Բերդի եկեղեցին, թե՞ Ջոն Սթիվենսը գումար է նվիրաբերել նաեւ Բերդում եկեղեցի կառուցելու համար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ